Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե լիներ նման ձևակերպում, համայնքի ղեկավարները կլռեի՞ն․ Սյունիքի համայնքապետերի համար անհասկանալի է՝ ինչու է «Հրապարակ»-ը ադրբեջանամետ սուտ տարածում

Եթե լիներ նման ձևակերպում, համայնքի ղեկավարները կլռեի՞ն․ Սյունիքի համայնքապետերի համար անհասկանալի է՝ ինչու է «Հրապարակ»-ը ադրբեջանամետ սուտ տարածում
Քաղաքականություն
14:01, 29 ноябрь 2021
Անցած շաբաթ ՀՀ վարչապետի հետ հանդիպած Սյունիքի համայնքապետերի համար մինչև հիմա  անհասկանալի է, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է իրենց և վարչապետի փակ հանդիպման մասին Hraparak.am-ը ադրբեջանական կողմին ձեռնտու կեղծ «արտահոսք» տարածել՝ խեղաթյուրելով իրականությունը և փորձելով հաստատել ադրբեջանական թեզերը։  

Նշենք, որ անցած շաբաթ «Հրապարակը» «Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել» վերտառությամբ լուր է տարածել, որում նշվում է, թե իբր Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ խոսել է Սյունիքով տրվող «միջանցք-ճանապարհի» և Արցախի մասին՝ հորդորելով համայնքապետերին համակերպվել այն մտքի հետ, որ «Արցախն ադրբեջանական է», պարզապես 30 տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։
 
Civic.am-ը հանդիպմանը ներկա պաշտոնատար անձանցից փորձեց պարզել լուրի իսկությունը։ Վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ղուկասյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ չի կարող նման բան լինել։ «Այնքան աբսուրդային է այդ ձևակերպումը, չի կարող նման բան լինել։ Տարբեր թեմաներ են քննարկվել, հարցեր բարձրաձայնվել, ինչը, բնականաբար, գաղտնի է, բայց այդ լուրերը կեղծ են։ Ի վերջո, ներկա են եղել Սյունիքի բոլոր համայնքապետերն ու պարտականություն կատարողները։ Եթե նման բան լիներ, ըստ ձեզ՝ ինչպե՞ս կվերաբերվեին։  Ի վերջո, չի կարելի։ Ամեն ինչին չափ, սահման կա»,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը։ 

Ինչ վերաբերում է միջանցքին, Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ այդպիսի բան չկա։ «Եթե լիներ նման ինչ-որ արտահայտություն, ձևակերպում, ձեր կարծիքով՝ համայնքի ղեկավարները կլռեի՞ն։ Պարզ է, չէ՞, բոլորս էլ հասկանում ենք։ Ուղղակի կային բազմաթիվ հուզող հարցեր, որոնք վարչապետը ձևակերպել է, մարդիկ հարցրել են, վարչապետը պատասխանել է, տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։ Եթե հանդիպումը գաղտնի չլիներ, ինչ-որ բաներ կհրապարակվեին», - ասաց Ռոբերտ Ղուկասյանը։  

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ևս հերքեց այս խոսակցությունները։ «Ո՞նց կարող է նման բան լինել։ Նման բան չի եղել»,- ասաց Դավիթ Ղուլունցը։ 

Միջանցքի թեմային անդրադառնալով՝ Տեղի համայնքապետն ասաց. «Էդ ինչի՞ է մենակ Hraparak-ը նման բան հրապարակում, ո՞նց կարող է նման բան լինել։ «Հրապարակից» իմացեք, ո՞վ է էդ տեղեկատվությունը տվել, որ հրապարակել է։ Եթե նման բան չի եղել, ո՞նց են նման բան հրապարակում, ես ներկա եմ եղել՝  նման խոսակցություն չի եղել»։ 

Ազգային ժողովում այս լուրը հերքել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ նշելով, որ վարչապետը համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ռեալ ինֆորմացիան փոխանցել է համայնքների ղեկավարներին, թե ինչ իրավիճակ է և ինչ է կատարվում։
Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանն էլ ֆեյսբուքյան իր էջում էր անդրադարձել տարածվող այս լուրերին։ Լալայանը գրել էր. «Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ. Վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն: 

Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից՝ բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր, և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:  

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից՝ ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին: 

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը թշնամուն հող չունի՛ հանձնելու»։

Վովա Հակոբյան