Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե քիչ թալանեին, Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ. Ես ամեն ինչ անելու եմ դրա համար. Սուրեն Պապիկյանը՝ Աղվան Վարդանյանին

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց ազատազրկման վայրերում գտնվող անձանց անունները՝ Առուշ Առուշանյան, Արմեն Չարչյան, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան և այլք. «Պարզ հարց. ո՞ր դեպքում Սյունիքը ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ իրենց տեղում՝ Սյունիքում լինեի՞ն, թե՞ բանտում: Պարզ հարցիս պարզ, հստակ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և հավելեց. «Այնուամենայնիվ, չգիտեմ՝ պաշտպանության նախարարի որ իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատական պրոցեսի կամ դատաիրավական համակարգի կատարած աշխատանքի կամ դե յուրե իր անելիքը կատարելու մասին»:

Նախարարը հավելեց, որ եթե դա հռետորական հարց է, ապա իր կարծիքով՝ ՀՀ-ն յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրաքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի. «Այդ թվում նաև՝ քիչ թալաներ»:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանն ասաց. «Սյունիքը ավելի պաշտպանված կլինի ու կդառնա, երբ մենք կատարենք մեր պարտականությունները: Ես պատրաստվում եմ իմ հնարավորությունների ու պարտականությունների շրջանակներում անել ամեն ինչ Սյունիքը ավելի պաշտպանված դարձնելու համար»: