Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում զոհվածների ցուցակը հրապարակված է. պաշտպանության նախարարը՝ Գեղամ Նազարյանին

«Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում զոհվածների ցուցակը հրապարակված է. պաշտպանության նախարարը՝ Գեղամ Նազարյանին
Քաղաքականություն
18:21, 27 октябрь 2021
Այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնեց, որ շաբաթներ առաջ 3 տարբեր նախարարությունների տարբեր հարցումներ է ուղարկել: Դրանցից երկուսը շատ արագ պատասխանել են, սակայն երրորդից՝ պաշտպանության նախարարությունից, այդպես էլ պատասխան չի ստացել:

Նազարյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից 350 օր է անցել, բայց պաշտպանության նախարարությունն այդպես էլ չի հրապարակել այն հերոս տղաների անունները, որոնց գտնվելու վայրն անհայտ չէ, եւ որոնք արդեն հուղարկավորված են՝ հարց ուղղելով նախարարին՝ ինչո՞ւ չեն հրապարակում նրանց անունները:

Գեղամ Նազարյանը նաև ասաց, որ ծնողների անունից պահանջում է անհապաղ հրապարակել:

Ի պատասխան Նազարյանի հարցադրման՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ասաց, որ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում ամբողջ ցուցակը հրապարակված է:

Արձագանքելով նախարարին՝ Նազարյանն ասաց, որ այդ կայքի տեղն ինքը գիտի. «Դա այլ է, իմ ասածը՝ այլ: Ես հարցնում եմ՝ ինչո՞ւ ՊՆ-ն չի հրապարակում այդ ցուցակները»:

Նա նաեւ առաջարկեց ավելորդ տարընթերցումներից խուսափելու համար ցուցակում նշել՝ հայրենիքի համար զոհված անձինք որտեղի՞ց են զորակոչվել եւ որտե՞ղ են հուղարկավորված: «Վերջ տանք այն խոսակցություններին, թե Արցախից 1 հոգի անգամ չի զոհվել: Նաեւ մենք հասկանանք, թե արցախցիներն ինչ մասնակցություն են ունեցել այս պատերազմում»,- ասաց Նազարյանը:

Պաշտպանության նախարարը ասաց, որ առաջարկը կուսումնասիրվի, եւ եթե ընթացք տրվի, Նազարյանը կտեղեկացվի դրա մասին: