Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից

«Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից
Քաղաքականություն
14:52, 10 декабрь 2021
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ  քննարկվեց սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին  «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Սեյրան Օհանյանն է։

Պարոն Օհանյանի խոսքով՝ հայտարարության տեքստում դատապարտվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները, և արձանագրվում ու դատապարտվում է այն, որ նրանք իրենց պարտավորվածությունները չեն կատարում։

Ըստ նրա՝ Ադրբեջանը ոչ միայն իր պարտավորությունները չի կատարում, այլև ՀՀ սահմաններում սադրանքեր է իրականացնում. «Եվ այդ սադրանքները խարխլում են այն խաղաղության վիճակը, որի մասին մենք մտածել էինք: Այս պայմաններում հապճեպ գնալ սահմանագծման և սահմանազատման և հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը անընդունելի է»։

Խմբակցությունը մեկ անգամ արդեն առաջարկել էր այդ հայտարարության նախագիծը, հիմա արտահերթ ընթացակարգով նույն հայտարարությունը ներառել է նիստի օրակարգ:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Հաշվի առնելով այն, որ այս հարցը նիստերի օրակարգ չմտավ, 
մենք առաջարկում ենք արտահերթ նիստ անցկացնել դեկտեմբերի 15-ին»:
Հայտարարությամբ նշվում է, որ ստեղծված իրավիճակում ԱԺ-ն, որպես խորհրդարանական վերահսկողություն իրականացնող, պահանջում է, որ արտահերթ նիստ անցկացվի, գործադիրը գա ԱԺ, ներկայացնի իրավիճակը և հաշվետվությունը:

Օհանյանի խոսքով՝ այդ ձևակերպումը չի նշանակում անվստահություն հայտնել կառավարությանը, այլ պարզապես ԱԺ-ում կառավարության հաշվետվության կոչ է:

«Մենք պահանջում ենք, որ արագ տեմպերով քայլեր իրականացվեն բանակի վերականգնման, անվտանգության համակարգի արագ ձևավորման, սահմաններում պաշտպանության իրականացման ուղղությամբ, նաև հստակեցնել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները»,- ասաց Օհանյանը:

Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն իր խոսքում նշեց, որ այս հայտարարության տեքստը  նույնն է, ինչը կար նախորդ հանձնաժողովի նիստին, և դրանում ոչինչ չի փոխվել, ու առաջարկեց հանձնաժողովին հավանության չարժանացնել այն։

«Փակ ռեժիմով շուրջ 3 ժամ տևած քննարկումը, այնուհետև նաև լիագումար նիստերի դահլիճում, չնայած հանձնաժողովի կողմից տրված բացասական եզրակացությանը, հարցը օրակարգ մտնցելու ժամանակ կայացած քննարկումը, կարծում եմ, ամբողջությամբ արտացոլում են այն բոլոր հարցերը, որոնք անհրաժեշտ էին քննարկել այս հայտարարության նախագծի վերաբերյալ։ Հետևաբար առաջարկում եմ հանձնաժողովին վերահաստատել իր դիրքորոշումը՝ նույն հիմնավորումներով, այն է. հայտարարության տեքստի մեջ տեղ գտած Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դատապարտող, պատերազմին հաջորդած ագրեսիվ գործողությունները դատապարտող, գերիներին և այլ պահվող անձանց չվերադարձնելու հանգամանքը դատապարտող հայտարարություններն արդեն իսկ ԱԺ-ն ընդունել է։ Սա ՀՀ-ի և նրա ԱԺ-ի դիրքորոշումն է»,- նշեց տիկին Կարապետյանը։

Նրա խոսքով՝  հայտարարությունը պարունակում է Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող դրույթներ, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-ին կառավարությանը և վարչապետին կոչ անել մնալ Սահմանդրության շրջանակներում, ինչն անթույլատրելի է. «Անթույլատրելի է ԱԺ-ի կողմից նման կոչ անելը, այսինքն՝ սահմանադրական պահանջը և դրանց խախտումը, ինչը հանդիսանում է քրեական հանցագործություն, իջեցնել ԱԺ հայտարարության մակարդակի, որքան էլ մենք խորհրդարանական երկիր ենք, ինչպես նաև անթույլատրելի է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն կասկած հայտնի ՀՀ կառավարության և նրա ղեկավարի կողմից ՀՀ-ի և Արցախի շահերը լավագույնս սպասարկելուն»։  

Կարապետյանի խոսքով՝ 3-րդ բաղադրիչն այն է, որ հայտարարությունը, այնուամենայնիվ, սահմանազատման և սահմանագծման մասին է, իսկ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումը և ՀՀ ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը չպետք է դիտարկվեն նույն համատեքստում։ 

«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 5 դեմ և 4 կողմ ձայներով չընդունվեց հանձնաժողովի կողմից։

Սյուզի Սիրականյան