Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան»-ը հրաժարվեց գերիների՝ իրենց համար իբր հրատապ հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց. ԱԺ նախագահի հրաժարականի հարցը հերթական շոուն է. Արուսյակ Ջուլհակյան

«Հայաստան»-ը հրաժարվեց գերիների՝ իրենց համար իբր հրատապ հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց. ԱԺ նախագահի հրաժարականի հարցը հերթական շոուն է. Արուսյակ Ջուլհակյան
Քաղաքականություն
12:53, 13 декабрь 2021
«Ընդդիմությունը ընտրություններից ի վեր զբաղված է անհասկանալի գործողություններով, շոուներ և պերֆորմանսներ բեմադրելով: Եվ այս նախագիծն այդ շոուների շարքից է»,- այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝  կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության նախագծի հետ: 

Նա հիշեցրեց ընդդիմության գործողությունները հունիսի 20-ի ընտրություններից հետո և ասաց. «Հիմա էլ այս նախագիծը դրանց հերթական շարքից է, և ես չեմ պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագիծը օրակարգ մտցնելուն»:

Արուսյակ Ջուլհակյանն ընդգծեց, որ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է. «Դա է ապացուցում և այն, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից և միջազգային տարբեր երկրներում Հայաստանի տարբեր խնդիրների մասին տեղեկացնելուց, այդ թվում նաև իրենց համար, իբր, հրատապ գերիների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելուց՝ ադրբեջանցիների աչքերին ուղիղ նայելով: Մենք կարող ենք արձանագրել, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվում է ՀՀ շահը սպասարկելուց, լքում է արտաքին ճակատի մեր խրամատը»:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց, որ միջազգային հարթակներում Հայաստանը անհարմար վիճակի մեջ դնելուց խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որի առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, ռուսական լրատվամիջոցներին տված տարբեր հարցազրույցներում արել է հայտարարություններ, որոնք բնորոշ են ադրբեջանական լոբբիստներին. «Ընդդիմությունը կախվում է ցանկացած տեսակի փրփուրից, որպեսզի Հայաստանում գեներացնեն կամայական քաղաքական օրակարգ, ինչը իրենց մոտ, ի դեպ, չի հաջողվում»: