Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասեք՝ Գեղամ, բնավ սիրուն չէր մի քանի հարյուր հազար քաղաքացու մայր հայհոյել. Արուսյակ Ջուլհակյանի հորդորը՝ ընդդիմությանը

«Դագաղներով և ծաղկեպսակներով իշխանության եկածը արդեն նույն կերպ էլ հեռացել է, և ուզում եմ հիշեցնել, որ դագաղներն ու ծաղկեպսակները մեր ներքաղաքական կյանքում հայտնվել են բնավ ոչ 2018 թվականին»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նա հավելեց, որ այդ դագաղներն ու ծաղկեպսակները հայտնվել են 2008 թվականին նախագահական ընտրությունների քարոզչության ժամանակ, երբ մի խումբ առնական երիտասարդներ դագաղների և ծաղկեպսակների ֆոնին դուդուկ էին փչում և ակորդեոն նվագում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց. «Բոլորս լավ հիշում ենք, թե 2008-ին ով եկավ իշխանության և ինչպես, և ով 2018-ին ով հեռացավ իշխանությունից և ինչպես»:

Ինչ վերաբերում է նախագծին, պատգամավորը կարևորեց այն միջավայրը, որի դեպքում հայհոյանքը ապաքրեականացվել է, և այսօրվա միջավայրը, երբ մարդիկ դա հեշտորեն անում են համակարգչի հետևում նստած:

Արուսյակ Ջուլհակյանը հորդորեց, որ ընդդիմությունը Գեղամ Մանուկյանին ասի. «Գեղամ, բնավ սիրուն չէր այն, որ դու ընտրություններից առաջ որոշեցիր մի քանի հարյուր հազար քաղաքացու մայր հայհոյել»: