Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետնոյեմբերյան փուլից հետո իմ տեսակետն այն է, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի. Նիկոլ Փաշինյան

«Պատերազմից հետո քննադատական մեծ ալիք անցավ խորհրդարանական համակարգի վերաբերյալ: Ասում էին՝ այ էս էր խորհրդարանական համակարգը, եթե կիսանախագահական համակարգ լիներ, սենց չէր լինի, և այդ ժամանակ ինձ թվում էր, թե դա ճիշտ արգումենտացիա է»,- այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ առցանց ձևաչափով մամուլի ասուլիսին անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին առնչվող լրագրողի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ հետո, սակայն, խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց:

«Եթե ես լինեի կիսանախագահական համակարգի նախագահ, չէի կարող ժողովրդին տված մանդատը վերադարձնել ժողովրդին, որովհետև լինելով վարչապետ՝ ես երաշխավորեցի ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Եվ հիմա դա միջազգայնորեն ոչ միայն ընդունված, այլև գնահատված փաստ է: Եվ հիմա հետնոյեմբերյան փուլից հետո իմ տեսակետն այն է, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի»,- նշեց վարչապետը և ավելացրեց, որ հանրապետության նախագահի տեսակետն այն է, որ կառավարման համակարգը պետք է փոխվի:

«Հիմա մենք առաջարկել ենք, որ լինի քաղաքական խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով, որ քաղաքական մարմինը պրոբլեմները բացատրի, իսկ մասնագետները այդ պրոբլեմների վերաբերյալ իրենց մասնագիտական գնահատականը տան»,- նշեց նա: