Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կմնա թափուր. «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու չի առաջադրի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կմնա թափուր. «Քաղաքացիական պայմանագիր»-ը թեկնածու չի առաջադրի
Քաղաքականություն
13:47, 11 январь 2022
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր օրակարգի հարցերից մեկը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։ Ընդդիմությունը չմասնակցեց հարցի քննարկմանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկա էր նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Հովհաննիսյանը կարևոր հայտարարություն պետք է անի։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տևական ժամանակ է, ինչ ընդդիմությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկում է նույն անձին, ով 14 անգամ անընդմեջ չի ընտրվում այդ պաշտոնում։ Հովհաննիսյանը նկատեց, որ ներկայացվել են այն պատճառները, թե ինչու է թեկնածուն անընդունելի իշխող ուժի համար։

Արթուր Հովհաննիսյանը հավելեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստին հստակ հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում։ Հետևաբար, համաձայն  ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, այդ իրավասությունն անցնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի նիստերին ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել, ինչը ապացույց է այն բանի, որ ի տարբերություն ընդդիմության պնդումների՝ ՔՊ-ն այդ պաշտոնը զավթելու նպատակ չի ունեցել։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։ 

Ապա Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ ընդդիմության առաջարկին, որով առաջարկվել էր աշխատանքային քննարկում ունենալ ղազախական դեպքերի հետ կապված։ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նիստից հետո քննարկել, թե ինչ ձևաչափով կարելի է ընդդիմության առաջարկին լուծում տալ և կազմակերպել քննարկում։ 

Այնուհետև Անդրանիկ Քոչարյանը քվեարկության դրեց նիստի ողջ օրակարգը, որին կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր ներկա անդամները։