Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարի օգնականի պարտականությունները առավելապես կազմակերպչական բնույթի են, որոնց կատարման համար պարտադիր չէ լինել ռազմական գործի մասնագետ

Պաշտպանության նախարարի օգնականի պարտականությունները առավելապես կազմակերպչական բնույթի են, որոնց կատարման համար պարտադիր չէ լինել ռազմական գործի մասնագետ
Քաղաքականություն
16:48, 11 январь 2022
Վերջին օրերին հաճախ է  շահարկվում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի  օգնականի  երիտասարդ ու ռազմական գործից հեռու  լինելու թեման: Խոսքը նախարարի օգնական 23-ամյա Մանե Մարկոսյանի մասին է, որը մինչ այս եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական, երբ նախարարը Պապիկյանն էր, անցած տարվա օգոստոսին էլ, երբ Պապիկյանը նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում,  Մանե Մարկոսյանը վերջինիս որոշմամբ նշանակվեց փոխվարչապետի օգնական:
 
Նկատենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությամբ սահմանված են նախարարի օգնականի պարտականությունները:

Դրանք են. 
  1. կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին,  
  2. համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին,                                                                                    
  3. կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը, 
  4. համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ՝ նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր,  
  5. նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ, 
  6. կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
 
Ինչպես տեսնում ենք՝ օգնականի պարտականությունները առավելապես կազմակերպչական բնույթի են, և դրանց  կատարումը չի ենթադրում պարտադիր լինել ռազմական գործի մասնագետ կամ այլ նեղ ոլորտային  հմտությունների տիրապետել: Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում,  ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում: 
Նկատենք նաև, որ նախարար Պապիկյանը նույնպես զինվորական  կրթություն չունի,  օրենքը նման պարտադիր պայման չի սահմանում նախարարի պաշտոնն զբաղեցնելու համար:ն

Ի դեպ, Մարկոսյանի նշանակման հարցը այսօր լրագրողները բարձրացրել են նաև ԱԺ-ում՝ պաշտպանության փոխնախարար  Արման Սարգսյանի հետ ճեպազրույցում:  «Պաշտպանության նախարարի օգնականը պետք է զինվորակա՞ն լինի, ես ինքս զինվորական չեմ և պաշտպանության նախարարի տեղակալն եմ, իմ առջև դրված խնդիրները, կարծում եմ, կարողանում եմ լուծել: Դուք զինված ուժերից ու պաշտպանության նախարարությունից այդքան էլ տեղեկացված չեք: Ընդհանրապես ԶՈՒ ղեկավարումն իրականացվում է Գլխավոր շտաբի կողմից: Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, և ես ձեզ տալիս եմ տեղեկատվություն այնքան, որքան կարող եմ ու որքան անհրաժեշտ է, հետևաբար պաշտպանության նախարարի օգնականի՝ զինվորական գիտելիքներ չունենալը որևէ խնդիր չի կարող լինել»,- հայտարարել է  Սարգսյանը: