Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել․ Թուրքիայի հետ բանակցում է առանց նախապայմանների սահմանները բացելու սկզբունքով․ Հակոբ Արշակյան

Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել․ Թուրքիայի հետ բանակցում է առանց նախապայմանների սահմանները բացելու սկզբունքով․ Հակոբ Արշակյան
Քաղաքականություն
12:25, 17 январь 2022
«Բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի ներկայացուցչի Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի ներկայացուցչի Սերդար Քըլըչի միջև։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Երկրում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, ի վերջո կարո՞ղ եք այդ գործընթացների մասին տեղյակ պահել հանրությանը, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, ի վերջո կարո՞ղ եք պարզաբանել թե որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու այդ պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձ անելու համար»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։

«Անկախության հաստատումից ի վեր, այն ժամանակ, երբ Թուրքիան սահմանները փակել է Հայաստանի նկատմամբ՝ Հայաստանի կողմից դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Այդ տրամաբանությունը չի փոխվել, Հայաստանի Հանրապետությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից»,-պատասխանեց Հակոբ Արշակյանը։ 

Նա նշեց, որ ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում տեղի ունեցած բանակցություններին՝ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը բնութագրում է բանակցությունների ընթացքը, իսկ եթե Խամոյանը ցանկություն ունի ավելի խորը ինֆորմացիա ստանալու՝ ԱԺ-ում թե՛ գործընկերական, թե՛ ինստիտուցիոնալ տեսանկյունից բոլոր հնարավորությունները կան, որպեսզի նման քննարկում ունենան և պատգամավորը հարցերը կարողանա ուղղել։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց, որ չստացավ իր հարցի պատասխանը, թե ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։
Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ չնայած նրան, որ Ագնեսա Խամոյանը հարցն ուղղել է Հակոբ Արշակյանին, այնուամենայնիվ այդ հարցի հասցեատերը ինքն է, հետևաբար կխախտի ընթացակարգը և կպատասխանի, որ տպավորություն չստեղծվի թե խուսափում են պատասխանել հարցերին․ «Դեռևս նախորդ տարի ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ կա պրոցես, որ հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ, որը հաստատեց հայկական կողմը։ Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին առանց անունի, որը ողջունեց ՀՀ-ն և պատասխանեց, որ ինքը նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Այդպես էլ ձեռք բերվեց պայմանավորվածությունը։ Հանդիպման տեղի և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի օգնությամբ»,- պատասխանեց Ռուբինյանն ու հավելեց, որ կառուցողական մթնոլորտ ասելով նկատի ունեն հենց կառուցողական մթնոլորտը․ «Այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել կողքով»։