Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լուրջ երևալու համար» մազերը կտրելն էլ չի օգնել Հռիփսիմե Ստամբուլյանին․ մեծահարուստ ընդդիմադիրի խոսքը հակասում է գործին․ նրա ընկերությունները տարիներ շարունակ աշխատել են Թուրքիայի հետ

«Լուրջ երևալու համար» մազերը կտրելն էլ չի օգնել Հռիփսիմե Ստամբուլյանին․ մեծահարուստ ընդդիմադիրի խոսքը հակասում է գործին․ նրա ընկերությունները տարիներ շարունակ աշխատել են Թուրքիայի հետ
Քաղաքականություն
17:06, 19 январь 2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ տարօրինակ վարքագիծ են դրսևորում, եթե չասենք՝ ցնցակաթվածի մեջ են ընկնում, երբ հանգամանքների բերումով և օրակագի թելադրանքով  խորհրդարանում հնչում ու հոլովվում են մասնավորապես թուրք, Թուրքիա բառերը: Բացառություն չէ նաև հիշյալ խմբակցության անդամ, Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Հռիփսիմե Ստամբուլյանը, որի պահվածքը ստիպում է ենթադրել, որ Ստամբուլյան ազգանունն ու Թուրքիա բառերը օրգանական անհամատեղելիություն ունեն: Մինչդեռ ոչ միայն տիկնոջ ազգանունն է ուղիղ ասոցացվում թուրքական խոշոր տնտեսական-մշակութային  քաղաքի հետ, այլև Ստամբուլյանը գործի բերումով է առնչվում Թուրքիայի հետ: 

ԱԺ ամենահարուստ կին պատգամավորը, նկատենք,  պառլամենտ է ոտք դրել գործարար աշխարհից:  Նա 100 տոկոս բաժնետոմս ունի «Անռիվա-տուր» ՍՊԸ-ում, «Անռիվա-տրանս» ՍՊԸ-ում և «Քորդոբա» ՍՊԸ-ում (այս ՍՊԸ-ի անվան տակ է գործում Երևանի կենտրոնում գտնվող  «Բեյրութ» սրճարան-ռեստորանը), ինչպես նաև 2021 թ. ապրիլի 21-ին պետական գրանցում ստացած «Անռիվա-ռիելթի» ՍՊԸ-ում: Թուրքիա բառից խորշող պատգամավորուհին, այսօր  խոսելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների մասին, ակնարկեց, թե հիշյալ փոփոխություններն իրականացվում են թուրքական ընկերությունների համար։ Նշենք, որ նախագծով մի շարք երկրների ընկերությունների հնարավորություն է տրվում Հայաստանում առանց լիցենզավորման գործունեություն իրականացնել:  «Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է շատ կոնկրետ երկրի համար, ոչ թե երկրների համար։ Սա մեկ այլ հարց է. Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»,- հայտարարեց Ստամբուլյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հակադարձեց, որ այդ երկրների ցանկում Թուրքիան ներառված չէ։ Մենք  ուսումնասիրեցինք օրենքի նախագիծը, և պարզվեց, որ արտոնություն ստացող երկրների ցանկում Թուրքիան իսկապես ներառված չէ։ 

Այժմ անդրադառնանք Ստամբուլյանի բիզնես գործունեությանը՝ Թուրքիայի համատեքստում: Նշենք, որ Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջում գովազդային նյութեր կան, որոնց վրա խաչ է քաշված հայ զբոսաշրջիկների սիրելի տուրիստական վայրի՝ թուրքական Անթալիա քաղաքի վրա: Ստամբուլյանը տեղեկացնում է, որ իրենց ընկերությունը դեպի այս քաղաք տուրեր չի կազմակերպում: Սակայն սա չի նշանակում, որ Թուրքիան անցանկալի պետություն է Ստամբուլյանի բիզնես գործունեության համար:  մասնավորապես նրան պատկանող «Անռիվա-տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը  իրականացնում է  Թուրքիա-Երևան հավաքական բեռների փոխադրում:  Այս ընկերության ֆեյսբուքյան էջում գովազդ է զետեղված  Ստամբուլյանին պատկանող մյուս՝ «Անռիվա Տուր» ընկերության մասին, ըստ որի  (գովազդային նյութը թվագրված է  2014 թ. հոկտեմբերի 22)՝ կազմակերպությունը  կատարում է կանոնավոր ուղևորափոխադրումներ դեպի Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա, ինչպես նաև հակառակ ուղղություններով: Ի դեպ, տասնյակ այսպիսի գովազդային նյութեր կարելի է գտնել հիշյալ էջում, դատելով որոնցից՝ տիկին Ստամբուլյանի ընկերությունը կատարում է օդային, ծովային, երկաթուղային բեռնափոխադրումներ, ապահովագրություն, մաքսային ձևակերպումներ, նաև առաջարկում է պահեստային ծառայություններ մի շարք երկրներում, որոնց մեջ է նաև Թուրքիան:  

Ստամբուլյանն իր  ֆեյսբուքյան էջում բազում կիսումներ ունի իրեն պատկանող ընկերությունների ֆեյսբուքյան էջերից 
Գովազդային հայտարարություններից մեկն էլ 2020 թ. հունվարի 9-ով է թվագրված. «Հարգելի՛ ուղևորներ, կարևորելով ձեր անվտանգ և ապահով թռիչքը՝ ևս մեկ անգամ ներկայացնում ենք Air Cairo ավիաընկերության կողմից իրականացվող SM 993 SSH-EVN և SM 994 EVN-SSH թռիչքների ուղին՝ Եգիպտոս - Թուրքիա-Կիպրոս-Հայաստան և հակառակը։ Թռիչքներն իրականացնում ենք շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, բացառապես A320 ինքնաթիռներով: Ի դեպ,  Air Cairo-ն եգիպտական չարթերային ավիաընկերություն է, որի  պաշտոնական ներկայացուցիչը և վաճառքի գլխավոր գործակալը Հայաստանում  2017-ից  հենց «Անռիվա տուրն» է:  Հետաքրքիր է՝ ինչու է տիկին Ստամբուլյանը դեմ արտահայտվում թուրքական ընկերությունների՝ ՀՀ հնարավոր մուտքին, ինչու է կոմպլեքսավորվում, եթե Թուրքիան այսօր էլ իր բիզնես շահերի շրջանակում է:   

Ի դեպ, Ստամբուլյանը ժամանակին լրագրողների համար զեղչով տուրեր էր կազմակերպում դեպի  Շարմ Էլ Շեյխ, ենթադրում ենք՝ պայմանով, որ արաբական աշխարհի հմայքների մասին լրագրողները վերադառնալուն պես եգիպտական էսքիզներ վրձնեն՝ գովազդելով հիշյալ տուրիստական ընկերությունը: Ի դեպ, ոչ միայն լրագրողներն են ներգրավված «Անռիվա տուր»-ի  փիառի գործում, այլ նաև շոու բիզնեսի աստղերն ու... նախկին քաղաքական գործիչներ: Մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությունը լքած Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հարսիկ Սիրուշոն,  Ժաննա Բուտուլյանը...

Հ.Գ. Ի դեպ, Հռիփսիմե  Ստամբուլյանը 2015-ին արժանացել է «Հայուհի 2015» մրցանակին՝ որպես տարվա կին գործարար: Նա banks.am-ին 2019-ին տված հարցազրույցում, ներկայացնելով գործարար կնոջ իր անցած ուղին,  անկեղծացել էր՝ մասնավորապես նշելով. «Ոչ մեկը չէր հավատում, որ կհաջողեմ, քանի որ աղջիկ եմ: Ստիպված եղա անգամ երկար մազերս կտրել. թվում էր՝ երկար մազերով ինձ անլուրջ են վերաբերվում: Մարդիկ իրենց միլիոնավոր բեռներն էին ինձ վստահում»: Տիկին Ստամբուլյանն այժմ, թերևս, լուրջ երևալու խնդիր չունի՝ անկախ մազերի երկարությունից: Բայց պատգամավորի մանդատ կրող տիկնոջ  խոսքի և գործի միջև եղած ակնհայտ հակասությունը հուշում է, որ մի բան է՝ լուրջ մարդու տպավորություն թողնելը, մեկ այլ բան՝ իրապես լուրջ մարդ լինելը: 
  
Հեղինե Մանուկյան