Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ընդդիմության ներկայացուցիչներն արդեն իսկ ներգրավված են բարձր պաշտոններում, սակայն այսօրվա թիմը չի կարողանում անել այն՝ ինչն անհրաժեշտ է Արցախի համար․ Վահրամ Աթանեսյան

Արցախում ընդդիմության ներկայացուցիչներն արդեն իսկ ներգրավված են բարձր պաշտոններում, սակայն այսօրվա թիմը չի կարողանում անել այն՝ ինչն անհրաժեշտ է Արցախի համար․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքականություն
17:09, 21 январь 2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատանքային քննարկման ժամանակ ընդգծել է, որ ինքը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու քաղաքական, արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ․ «Կառավարության անդամների վերաբերյալ այդ ուժերի հիմնավորված դժգոհությունների դեպքում կատարվելու են կադրային փոփոխություններ»,-ասել է Արցախի նախագահն ու նշել, որ այդ ուժերի հետ կոալիցիոն կառավարություն չի ձևավորվել, բայց նրանց մասնակցությունն ու առաջարկությունները կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման հարցում ընդունվելու են․ «Ցանկացած օրենսդրական փոփոխություն և առաջարկություն պետք է պարտադիր քննարկել ԱԺ խորհրդարանական ուժերի հետ, եթե հնարավոր է նաև արտախորհրդարանական ուժերի։ Առաջիկայում կառուցվածքային և կադրային փոփոխություններ լինելու են, մենք քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ ենք սկսել։ Այսօր հասարակությունն ասում է՝ տանում են, սաղ թալանում են։ Ես չեմ ասում, որ նման երրևույթ կա, բայց համոզված եմ, որ չարաշահումներ կան և այդ առումով մենք պետք է հստակ վերահսկողություն ունենանք բոլոր ուղղություններով»,-հավելել է նա։

Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Հարությունյանի այդ հայտարարությունն առաջին հերթին միտված է խորհրդարանական ընդդիմությանը, այսինքն Արցախի նախագահն ընդդիմությանն է ներգրավում կառավարության կառուցվածքային փոփոխություններին․ «Իհարկե նաև ավելի լայն սպեկտորի հետ համագործակցության առաջարկություն արվեց՝ նախագահը խոսեց նաև արտախորհրդարանական ուժերից։ Պատերազմը երբ ավարտվեց՝ նոյեմբերի 10-ից հետո էլ նման քննարկումներ՝ համագործակցության առաջարկներ եղել են, սա նոր բան չէ, պարզապես որոշակի ժամանակով դադար տրվեց»,-նշեց պատգամավորը։

Վահրամ Բալայանն ընդգծեց, որ ինքը կողմնակից է, որ հանրության մեջ եղած ռեսուրսները՝ անկախ նրանից թե ով է գտնվում իշխանության և ով՝ ընդդիմության, փորձեն ուժերը մեկտեղեն՝ երկրի առաջ կանգնած մարտահրավերները դիմակայելու նպատակով․ «Եվ դա հանրային համերաշխ մթնոլորտ կձևավորի նաև հասարակության հուզող հարցերը լուծելու տեսանկյունից»։

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ եթե խոսքը վերաբերում է ընդդիմությանը կառավարման համակարգում ներգրավելուն՝ ապա արդեն իսկ ընդդիմության ներկայացուցիչները ներգրավված են բարձր պաշտոններում, սակայն այսօրվա թիմը չի կարողանում անել այն՝ ինչն անհրաժեշտ է անել Արցախի համար․ «Այսօր ընդդիմությունը Արցախի իշխանության կառուցվածքում շատ առանցքային դերակատարություն ունի։ Արայիկ Հարությունյանի՝ որպես նախագահի թեկնածուի մրցակից Վիտալի Բալասանյանն Անվտանգության խորհրդի քարտուղար է, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը որպես 2020թ․ ընտրություններին Արայիկ Հարությունյանի մրցակիցն էր, ՀՅԴ Արցախի կառույցի կարկառուն ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը Արայիկ Հարությունյանի խորհրդականն է։ Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը ընդդիմություն էր 2015-2020թթ․»։
   
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ին հանձնարարված է ստեղծել բաժին և ուսումնասիրել հասարակությունում առկա խոսակցությունները՝ պարզելու, թե որտեղ ինչ բաց կա՝ Վահրամ Աթանեսյանն արձագանքեց․ «Արցախի այն ծառայությունները, այն մարմինները, որոնց Արայիկ Հարությունյանը հանձնարարում է ուսումնասիրել հանրային կարծիքը, տարիներ շարունակ իրենց գործառույթները թողել էին մի կողմ և հատկապես զբաղվում էին հանրային շրջանակներում խոսակցությունների արձանագրմամբ ու վերլուծությամբ ու փոխանցումով։ Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն ոչ թե հանրային կարծիքը մոնիտորինգի ենթարկելու գործառույթ պետք է ունենա, այլ գործունեություն ծավալի։ Լեռնային Ղարաբաղն այնքան փոքր է, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա, թե ով ինչ է խոսում»։ 

Նարա Մարտիրոսյան