Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հանրապետությունը սահմանվել է որպես մեկ նոտարական տարածք

Արցախի Հանրապետությունը սահմանվել է որպես մեկ նոտարական տարածք
Քաղաքականություն
14:45, 01 февраль 2022
Արցախի Հանրապետության նոտարիատի ոլորտում կատարված փոփոխություններով Արցախի Հանրապետությունը սահմանվել է որպես մեկ նոտարական տարածք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

«Ըստ փոփոխության` Ստեփանակերտի և յոթ շրջանների առանձին նոտարական տարածքները դարձել են մեկ նոտարական տարածք՝ ինը նոտարներով: Կառավարության որոշումներով` մենք օրենքով նախատեսել ենք երկու նոտար գործուղել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մեր տեղահանված և ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին նոտարական ծառայություններ մատուցվեն: Այստեղ որոշ սահամանափակումներ կան. նշվածը ոչ բոլոր նոտարական գործողություններին է վերաբերում, այլ հիմնականում ժառանգության վկայագրերին, կտակի վավերացման և գույքային որոշ հարցերի, այսինքն այնքանով, որքանով չեն հակասում ՀՀ նոտարիատի ոլորտի օրենսդրությանը: Մնացած բոլոր գործողությունների համար մեր հայրենակիցները կարող են դիմել ՀՀ-ում գործող նոտարներին և ստանալ համապատասխան ծառայություն»,-նշել է Ժ. Միրզոյանը: Նախարարի խոսքով՝ ԱՀ Կառավարության որոշմամբ` գերատեսչությունը 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և պատերազմի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ազատել է նոտարական գործողությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում պետական տուրքի վճարումից: «Որոշումը եղել է 2020 թվականի ամռանը, բայց մենք նախաձեռնել ենք, որպեսզի 2022 թվականին ևս շարունակվի, քանի որ անհրաժեշտություն դեռևս կա: Պետական իրավական փորձաքննության են ենթարկվել 709 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Դրանց վերաբերյալ տրվել են գործող օրենսդրության պահանջներից բխող մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են: Ներմուծվել է Arlexis.am ծրագիր, և վերջնական հաստատվել 2450 օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտեր: Հրատարակվել է պաշտոնական տեղեկագրի 39 և համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուի 3 համար»,-ներկայացրել է Ժ. Միրզոյանը: