Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոչ մի իշխանություն ՀՅԴ-ի չափ հող չի հանձնել․ ՀՅԴ-ն չպետք է վիրավորվի իր հասցեին «թուրքասեր», «դավաճան» և «հողատու» «քաղաքական գնահատականներից»

ՀՀ ոչ մի իշխանություն ՀՅԴ-ի չափ հող չի հանձնել․ ՀՅԴ-ն չպետք է վիրավորվի իր հասցեին «թուրքասեր», «դավաճան» և «հողատու» «քաղաքական գնահատականներից»
Քաղաքականություն
19:14, 03 март 2022
ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ տարակուսանք հայտնեց Փաշինյանի արձագանքի առթիվ՝ ասելով․ «Հողատու նշանակում է քո տիրապետության տակ գտնվող հողատարածքը փոխանցել այլ անձի: Սրա անձնական վիրավորանք ընդունելը ո՞րն է, եթե սա քաղաքական գնահատական է, ինչպես որ քաղաքական գնահատական է այս կամ այն փաստաթղթի վերաբերյալ որակումները։ Քաղաքական գնահատականն ու պատգամավորի կարծիքը չպետք է շփոթել հայհոյանքի հետ»։ 

Ապա նշեց, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սևով սպիտակի վրա գրված է, որ մի շարք շրջաններ, որոնք Արցախի իրավազորության ներքո են, ՀՀ-ն փոխանցում է կամ վերադարձնում է Ադրբեջանին․ «Երբ խոսվում է հողի՝ որպես հիմնական ռեսուրսի հանձնման մասին, այստեղից միանգամից հակադարձումներ են լինում։ Երբ Նիկոլ Փաշինյանը նեղանում է հողատու կամ հող հանձնող արտահայտությունից, մի կողմից իմ մոտ մի քիչ լավատեսություն է ներշնչում, նշանակում է՝ մարդը հասկանում է դա ինչքան վատ բան է։ Հետևաբար, փորձ է արվում հակադարձել»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ այս հարցերը մի օր անպայման պետք է քննության առարկա դառնան։

Նկատենք, սակայն, որ Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն իր պատմության ընթացքում ՀՅԴ-ի չափ հող չի հանձնել և թուրքերի հետ «տարածքների ու քաղաքական առևտրի» մեջ չի եղել, որքան հենց դաշնակցությունը։ 

Արծվիկ Մինասյանին հիշեցնենք, օրինակ, 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ Հայաստանի դաշնակցական կառավարությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ կնքեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը փաստացի վերածվում էր Հայոց Ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի կիսագաղութի:

Պայմանագրում սեւով սպիտակի վրա գրված էր, որ Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

Թուրքիան պայմանագրով իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։ Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։

Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։ 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից... պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարիզի խաղաղության վեհաժողովի տվյալներով այդ գումարը շուրջ 19 միլիարդ ֆրանկ էր։

Այսպիսով, Արծվիկ Մինասյանի տրամաբանությամբ՝ ՀՅԴ-ն չպետք է նեղանա իր հասցեին «թուրքասեր», «դավաճան» ու «հողատու» «քաղաքական գնահատականներից»։ Բայց պետք է տխրի, որ այդքանից հետո ոչ հասկանում է՝ ինչ վատ բան է արել, ոչ էլ  պատասխանատվություն է զգում կատարածի համար։