Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն անկախության ճանաչման միջազգային գործընթաց է սկսել. Հարցը պարբերաբար եղել է ՀՀ խորհրդարանի օրակարգում, ովքեր են «կողմ» և «դեմ» եղել ճանաչմանը

Արցախի ԱԺ-ն անկախության ճանաչման միջազգային գործընթաց է սկսել. Հարցը պարբերաբար եղել է ՀՀ խորհրդարանի օրակարգում, ովքեր են «կողմ» և «դեմ» եղել ճանաչմանը
Քաղաքականություն
17:31, 11 март 2022
2016-ի ապրիլյան և 44-օրյա պատերազմներից հետո կրկին ակտուալ է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման հարցը։ Այն, անխոս, լրջագույն գործընթաց է, և պատմաքաղաքական այս հանգրվանում այն կյանքի կոչելը կունենա կոնֆլիկտի հետագան կանխորոշող հետևանքներ։ Այսօր Արցախի խորհրդարանում  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, թե «դիմել ենք աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար, այլ ելք չկա»։ Նա նշել է, որ քանիցս դիմել են ՀՀ իշխանություններին՝ Արցախի անկախության հարցի շուրջ  խորհրդարանի մակարդակով գործընթաց սկսելու համար, ապա հավելել, որ նպատակահարմար էր, որ ճանաչումը տեղի ունենար պատերազմի ընթացքում: «Արցախի անկախության ճանաչման հարցը մի քանի անգամ բաց ենք թողել։ 

Օրինակ՝ Բիշքեկից առաջ՝ 1994 թվականին, 2003 թվականին, երբ ավագ Ալիևին փոխարինեց կրտսեր Ալիևը և ասաց, որ բանակցային գործընթացը տեղափոխում ենք զրոյական մակարդակ, 2014 թվականին, երբ տեղի ունեցավ ուղղաթիռի կործանումը, երբ բանակցությունները տեղափոխվել էին փակուղի, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, 2020 թվականի արյունոտ աշնանը, 44 օրերին... Ինչքա՜ն մենք երջանիկ կլինեինք։ Երբ Ֆրանսիայի խորհրդարանի վերին և ստորին պալատները ընդունեցին ճանաչման մասին բանաձև, առաջին անգամ մենք ժպտացինք, բայց պատկերացրեք՝ այդ ճանաչումը լիներ մինչև պատերազմը, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մեր բոլորիս երազանքն է, ոչ միայն դահլիճում նստածների, այլև մեր բոլոր ժողովրդի, որ և 1991 թվականի  հանրապետության օրվա հռչակումը, և դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, և 1992 թվականի հունվարի 6-ի հռչակագիրը կյանքի կոչվեն։ Սրա համար ենք մենք այստեղ, սրա համար ենք մենք 33 պատգամավորներով պայքարելու, որովհետև այլընտրանք չունենք»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, թե «ամեն ինչ պետք է անենք, որ այս սրբազան հողում հարատևենք»։ 

Փորձագիտական հանրությունն ու ԼՂ խնդրի ծալքերին քաջատեղյակ  գործիչները քանիցս են արձանագրել՝ մասնավորապես ՀՀ-ի կողմից  ԼՂ անկախությունը ճանաչելը կնշանակի  խաչ քաշել բանակցային գործընթացի վրա և այն սեփական նախաձեռնությամբ փակուղի մտցնել։ Այս դիրքորոշման անշեղ կողմնակիցներից են եղել ՀՀ նախկին իշխանությունները, որոնք կանխարգելել են  տարբեր ժամանակներում խնդրին միտված  բոլոր նախաձեռնությունները՝ չնայած  ճանաչման վերաբերյալ կոնսենսուսին՝  ինչպես ՀՀ հասարակական-քաղաքական սեկտորում,  այնպես էլ ԼՂ-ում՝ ի դեմս դրա քաղաքական բարձր ղեկավարության։  

Արթուր Թովմասյանը, հիշեցնենք,  դեռ 2018-ին՝ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե «Ադրբեջանին իսկական տեղը ցույց տալու համար ՀՀ ԱԺ-ն  Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ պետք է ընդգրկի լիագումար նիստի օրակարգում և ընդունի այն պահին, երբ Ադրբեջանը նորից պատերազմ սկսի»։ 2020 թ.  սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում էլ Թովմասյանն արդեն վերահաստատեց իր միտքը. «Եթե պատերազմը երկարեց, ապա Արցախի Հանրապետության ԱԺ-ն գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում  պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Ի՞նչ է տալու դա մեզ։ Եթե ԱԺ-ում դա քննարկվի, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի Հանրապետությանը, որ պատերազմը շարունակելու դեպքում ընդամենը մնում է քվեարկել»։ Նա նաև հիշեցրեց 23 տարի առաջվա պայմանավորվածությունը, ըստ որի՝ պատերազմի դեպքում ՀՀ ԱԺ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը։ «Միայն մի բան ունեմ ասելու՝ ՀՀ ԱԺ-ն Արցախի անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ»,- ընդգծել էր Թովմասյանը։ 

ԼՂ անկախության ճանաչման հարցը քանիցս եղել է  ՀՀ խորհրդարանի օրակարգում 

Հիշեցնենք, որ ԼՂ անկախության ճանաչման հարցը պարբերաբար առաջ է քաշվել  խորհրդարանական մակարդակում։ Մասնավորապես,  «Ժառանգություն» խմբակցությունը 2007-ին, 2009-ին, 2012-ին հանդես է եկել Արցախի անկախության ճանաչմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել։ Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ խորհրդարանի օրակարգում հայտնվեց  2016-ի ապրիլյան պատերազմից հետո. Զարուհի Փոստանջյանը ու Հրանտ Բագրատյանը Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծ էին ներկայացրել, սակայն այն մերժվեց, ճանաչման գործընթացը առկախվեց, քանի որ հարցի շուրջ  չկար խորհրդարանական կոնսենսուս։  44-օրյա պատերազմի օրերին  հարցը նորից  քննարկումների օրակարգ ներառվեց  խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի մակարդակով։   Ճանաչման գործընթացի հնարավոր հեռանկարի մասին խոսեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե քննարկում են բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներն ու հարցերի շրջանակը։   «Պետք է նստենք, մեր գործողությունները հասկանանք, անում ենք այդ գործողությունը, թե չենք անում, փաստարկները դնենք կշեռքին»,- հայտարարել էր վարչապետը։ Օրեր անց էլ ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում, վերահաստատելով ԼՂ անկախության հնարավոր ճանաչման ՀՀ-ի մտադրության մասին, Փաշինյանը նշել էր, որ ՀՀ-ն դիտարկում է նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը։ ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչումը, սակայն, վերստին առկախվեց։   
Սերժ Սարգսյանը կողմ էր, բայց «տոռմուզ» էր անում

ԼՂ անկախության ճանաչման թեմային  մինչև 44-օրյա  պատերազմը տեղի ունեցած իր ասուլիսում անդրադարձել էր նաև նախկին  նախագահ Սերժ Սարգսյանը։ «Փառք Աստծու, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու՝ հաստատակամ ենք իրագործել խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի ԼՂ  բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ համոզված եմ, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը»։ Ճանաչումը, ըստ Սարգսյանի, կլինի ոչ թե առիթ, այլ իրադրությունց բխող արդարացված որոշում։

Լևոն Տեր-Պետրոսյանի հուշում-կոնսպեկտը 

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ի կողմից ԼՂ  ճանաչմանն  անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա, վկայակոչելով  ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների 2016 թ. մայիսի 5-ին արած այն հայտարարությունը, թե «Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում», նշել էր. «Համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։ Ուստի Հայաստանն իր գործողություններով (խոսքը, մասնավորապես, Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում և կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռք բերման անհրաժեշտ իրավական հիմքերը»։ Ըստ առաջին նախագահի՝  միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, «հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու»։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա), Տեր-Պետրոսյանի հիշեցմամբ, տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ «Հետևաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»։ 

Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար հայկական դիվանագիտությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման մեկ  այլ կռվան։ «Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետևյալն է. երբ որևէ պետություն իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»,- նշել էր առաջին նախագահը։

Հեղինե Մանուկյան