Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքը պարալիզացնելու մասին հայտարարելիս հիշե՛ք՝ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը լինելու է ձեր թալանած գույքը. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ մայիսի 19-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Մենք այսօր քննարկում ենք այն օրենքը, որի դեմ պայքարի շրջանակներում խորհրդարանի աջ թևում նստած պատգամավորները ելել են փողոց և իրենց գերթանկարժեք մեքենաներով որոշել են փակել ձեր փողոցները, հարգելի քաղաքացիներ»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, հիշատակելով Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքը, որ միայն հարուցված 8 գործով ՀՀ է վերադարձվելու 43 մլրդ դրամ, բնական է համարում, որ այդ մարդիկ փորձում են պայքարել իրենց ունեցվածքի պահպանման համար. «Բնական է նաև, որ դա չպիտի անեն ուղիղ տեքստով, այլ պիտի քողարկեն, օրինակ, Արցախի դրոշի հետևում: Օրինակ՝ Աննա Մկրտչյանը լավ կաներ Արցախը փրկելու փոխարեն հորդորեր իր հորը, որպեսզի Քասախը փրկի, որի բոլոր հողակտորները, ինչպես պարզվեց, կամ Աննա Մկրտչյանի անունով են, կամ եղբոր, կամ ընտանիքի մյուս անդամի անունով»:

«Վահե Հակոբյանը Իշխան Սաղաթելյանի հետ մեկտեղ իրեն թույլ է տալիս ՀՀ ոստիկանների վրա մուննաթ գալ, ասել՝ ձեզ վրա մատ թափ կտամ, հայհոյել: Ես էլ էստեղից հայտարարում եմ՝ գլուխներդ պատին կտաք, պարոնայք պատգամավորներ: Էն, որ դուք անձեռնմխելիություն ունեք, չի նշանակում, որ բարոյական սահմաններ էլ չպիտի ունենաք: Եթե դուրս եք եկել ձեր թալանի փրկության համար պայքարելու, բարի եղեք էդ ամենն անել բարեկրթության սահմաններում»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը և ընդգծեց. «Քաղաքը պարալիզացնելու մասին հայտարարելիս հիշեք՝ ՀՀ-ում միակ պարալիզացված բանը, որ լինելու է, լինելու են ձեր թալանած հաշիվները ու ձեր թալանած գույքը»:

Մանրամասն՝ տեսանյութում: