Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի մասով ընդդիմության հայտարարության 1-2 վերջնագրային, պրովոկացիոն ձևակերպումները հանած՝ այն իշխանության դիրքորոշումների «քոփի փեյսթ» է

Արցախի մասով ընդդիմության հայտարարության 1-2 վերջնագրային, պրովոկացիոն ձևակերպումները հանած՝ այն իշխանության դիրքորոշումների «քոփի փեյսթ» է
Քաղաքականություն
18:13, 31 май 2022
Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է «հովհարային անջատման» տրամաբանությամբ մի քանի ժամով դադարեցնել փողոցային դիմադրությունն ու  հունիսի 3-ին ԱԺ հրավիրված արտահերթ նիստում  քննարկել իր իսկ ներկայացրած հայտարարության տեքստը՝ «ՀՀ ԱԺ հայտարարությունը  հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» վերնագրով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  արդեն իսկ հայտարարել է, որ «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված՝ ԱԺ արտահերթ նիստին»։  

Շրջանառության մեջ դրված 7-կետանոց հայտարարությունը,  ինչպես պարզեցինք այն աչքի անցկացնելուց հետո, դեկլարատիվ ձևակերպումներով  տեքստ է, որը չի պարունակում գեթ մեկ նորություն, գեթ մեկ օրիգինալ, եթե կուզեք՝ էքստրաօրդինար  ձևակերպում կամ միտք,  որը այս ողջ ընթացքում չի հնչեցվել իշխանության որևէ ներկայացուցչի կողմից։ Ավելին՝ այդ տեքստը չի պարունակում այնպիսի թեզեր, որոնք  հակադրվում կամ հակասում են  իշխանության որդեգրած քաղաքական գծին և կամ երբևէ կասկածի տակ են դրվել իշխանության կողմից։  Խնդիրը հայտարարության հեղինակների և իշխանության ներկայացուցիչների կիրառած ձևակերպումների տարբերությունն է։  Ընդդիմությունը, բնականաբար, հավատարիմ իր քնարին՝ տուրք է տվել  վուլգար, կատեգորիկ, ասել է թե՝ ոչ դիվանագիտական ձևակերպումներին, որոնք հայտարարության արժեքը  հավասարեցնում են  ռազմահայրենասիրական ոճի ֆեյսբուքյան գրառման արժեքին։    

Եվ այսպես, կետ 1. «ՀՀ-ն աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։ 

Այժմ ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրից մեջբերում անենք, ընթերցողն էլ թող դատի՝ ո՞վ է ավելի համապարփակ ու մանրամասն  սպասարկում Արցախի շահերը, իսկ ով՝ «դուխավիկություն» խաղում։  «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ  վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:  

Երբ հայտարարության հեղինակներն իրենց ձևակերպման մեջ իբր թե պնդում են, որ «ՀՀ համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում», հավանաբար նկատի ունեն, որ այդ կարգավորումը տեղի է ունենալու ոչ թե բանակցային պրոցեսի վերջնարդյունքում, միջազգային ընդունված ստանդարտների և պրոցեդուրաների կիրառմամբ,  այլ հայտարարության  հեղինակներից որևէ մեկի տան հայաթի «բեսեդկայում», կարգավորման հեղինակներն ու մասնակիցներն էլ երևի թե  լինելու են բեսեդկայում նարդի խաղացողներն  ու նրանց «բալետ անողները»։ Արձանագրենք, որ նման ձևակերպում պարունակող հայտարարության հեղինակ քաղաքական ուժերի «պապաները» ժամանակին ՀՀ-ն ներկայացրել են բանակցային գործընթացում, միջազգային հանրության հետ են նստել-վեր կացել ու, փաստորեն, դիվանագիտության այբուբենն այդպես էլ չեն սերտել։  

Կետ 2-րդ. «Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը»։   

Այս կետի խղճուկ ձևակերպումով պարոնայք ընդդիմադիրները, փաստորեն, կասկածի տակ են դրել 2020 թ. նոյեմբերի 9-ի  հայտարարության հեղինակի՝  ՌԴ նախագահ Վ. Պուտինի հեղինակությունը, այլապես նրան այսօրինակ  «բացառական» պահանջներ չէին առաջադրի։ Մեջբերում հիշյալ հայտարարությունից. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է ԼՂ  կապը ՀՀ հետ,  ...մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Հայտարարության 3-րդ կետում նշվում է այն մասին, որ «ՀՀ-ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով»։ Այս կետին  ի պատասխան՝ տե՛ս  Կառավարության ծրագրից վերոհիշյալ մեջբերումը։  

Կետ 4-րդ. «Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման (հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման նախապայմանով»։ Պարոնայք ընդդիմադիրները նման պահանջ առաջադրելու առումով  ուշացել են առնվազն 10 ամսով, քանի որ նույն պահանջը՝ իհարկե դիվանագիտական շարադրանքով, արդեն իսկ հնչել է ԱԳ նախարար Ա. Միրզոյանի կողմից։  «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա մասնավորապես նշել է. «Եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից, այսինքն՝ վերադառնա այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր, ապա բարենպաստ պայմաններ կստեղծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու համար»։  (Գերիների խնդրին ևս այս հարցազրույցում անդրադարձ կա, թեև այն ուղղակիորեն չի կապվում սահմանագծման հարցի հետ և չի դիտարկվում որպես  նախապայման)։   
 
Կետ 5-րդ. «Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է  ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը»։ 

Այս կետը մեզ հիշեցրեց ամիսներ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավորների  բերած օրենքի այն նախագիծը, որով առաջարկվում էր քրեորեն պատժել նրանց, ովքեր կասկածի տակ կդնեն ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Քաջնազարական ոճի այդ նախագծին, ինչպես հայտնի է, ՔՊ-ն դեմ քվեարկեց, քանի որ նման արարքն արդեն իսկ քրեականացված էր ՀՀ ՔՕ-ում: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ապա դրա  անսակարկելիության մասին հայտարարություններ մեկ անգամ չէ, որ հնչել են իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից:

Կետ 6-րդ. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն  բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։

Կետ 7-րդ. «Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։

 Այս երկու կետերի վերաբերյալ նույնպես իշխանությունը քանիցս արտահայտել է իր դիրքորոշումները՝ թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ պաշտոնական հայտարարությունների մակարդակում։  Մասնավորապես՝ հայ-թուրքական գործընթացի մեկնարկից ի վեր քանիցս է հայտարարվել, որ այն պետք է տեղի ունենա  «առանց նախապայմանների»։ Մեջբերենք Կառավարության ծրագրից մի հատված. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:  «ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ ՀՀ-ն պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Ինչ վերաբերում է 7-րդ կետին և դրանում առկա «միջանցքային տրամաբանություն» կապակցությանը, ապա այն «քոփի-փեյսթ» է արվել դարձյալ  իշխանության պաշտոնական դիրքորոշումներից։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է արձանագրել «միջանցքային տրամաբանության» բացառումը տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում:

Այս թեմայով ամենաթարմ հայտարարությունը, թերևս, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն է, որն արվել է բրյուսելյան վերջին հանդիպումից հետո. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»:  

Ինչպես տեսնում ենք՝ մեկ-երկու պրովոկացիոն, վերջնագրային, բանակցային գործընթացը միտումնավոր վիժեցման տանող ձևակերպումները ( 1, 4 կետեր) հանած՝ այս հայտարարությունը ոչ մի ավելի բան չի ասում, քան ասվել կամ հայտարարվել է գործող իշխանության կողմից։  Ընդդիմությունը, չունենալով և չկարողանալով առաջարկել նոր, թարմ, այլընտրանքային, իշխանության օրակարգից էականորեն տարբերվող, մրցունակ ու ռեալիստական օրակարգ, որոշել է առաջնորդվել «կրկնությունը գիտության մայրն է» սկզբունքով՝ այսպիսով կոմպենսացնելով իր ասելիքի ու անելիքի բացակայությունը։ 

Հեղինե Մանուկյան