Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության հետ խոսում է այլ լեզվով, սեփական հանրության հետ՝ այլ, և «Զանգեզուրի միջանցքի» մասին հռետորաբանությունը ևս դրա օրինակներից մեկն է. Սարգիս Խանդանյան

«Ոչ միայն ՄԽ ֆրանսիացի համանախագահը, այլև ԱՄՆ նոր համանախագահը օրերս նախաձեռնել էին խորհրդակցություններ և հանդիպումներ։ Ինձ համար մի փոքր տարակուսելի է Ռուսաստանի արտգործնախարարի այսպիսի հայտարարությունը, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված հայտարարության տեքստում արձանագրվում էր ԵԱՀԿ ՄԽ դերակատարումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում»,- Civic.am-ի հետ զրույցում, խոսելով ՄԽ-ի վերաբերյալ Լավրովի և Ֆրանսիայի ու ԱՄՆ համանախագահողների հայտարարությունների մասին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ իհարկե հասկանալի է նաև այս դիրքորոշումը, որովհետև գերլարված են համանախագահության մեջ հարաբերությունները՝ Ռուսաստանի, Արևմուտքի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, և այս ֆորմատում բնականաբար դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը, բայց նաև կա ընդհանուր ընկալում, որ  դա ֆորմատ է, որը պետք է  կարգավորի ԼՂ հակամարտությունը։ 

Խոսելով նաև այն մասին, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, ասել է, որ ադրբեջանական բեռները սահմանային վերահսկողություն են անցնելու, ստուգվելու են Հայաստանում՝ Սարգիս Խանդանյանն ասաց. «Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա այս ամիսների ընթացքում բավականին աշխատանք է տարվել, հանրությունը դրա մասին տեղեկացվել է, մասնավորապես  վաղուց էր հայտնի, որ, օրինակ, երկաթուղիների հարցում կա փոխըմբռնում, բայց ավտոճանապարհների  հարցում շարունակում էին մնալ չլուծված հարցեր: Ես չգիտեմ, թե որքան ծավալով է  հնարավոր եղել գալ կոնսենսուսի, բայց կառավարության ներկայացուցիչների՝ փոխվարչապետի և ԱԽ քարտուղարի հայտարարություններին հետևելով՝ կարելի է ենթադրել, որ որոշակի համաձայնություններ ձեռք են բերվել։ Իսկ պարոն Գրիգորյանի ասածը ևս մեկ անգամ վերահաստատում է այն, որ ճանապարհները բացվելու են ոչ միջանցքային տրամաբանությամբ, սակայն շարունակաբար նույնիսկ հիմա, երբ այսպիսի կոնսենսուսային որոշումներ են կայացվում, Ադրբեջանի և երբեմն նաև Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները նման հայտարարություններ են անում, բայց այստեղ կարծես թե ըմբռնումը հստակ է, որ Հայաստանի սուվերենության ներքո են գործելու ճանապարհները, որոնցով ադրբեջանական բեռնատարները Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան են գնալու»։  

Խոսելով նաև այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրում ելույթների ու հարզացրույցների ժամանակ պարբերաբար օգտագործում է  «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, պատգամավորն ասաց. «Եթե Հայաստանի իշխանությունները բոլոր հարթակներում խոսում են նույն լեզվով, ապա Ադրբեջանի ղեկավարությունը, մասնավորապես  նախագահը միջազգային հանրության հետ կամ բանակցությունների սեղանի շուրջ խոսում է այլ լեզվով, սեփական հանրության հետ՝ այլ լեզվով։ Եվ «Զանգեզուրի միջանցքի» մասին հռետորաբանությունը ևս դրա օրինակներից մեկն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան