Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատական համակարգի հետ հանցավոր համաձայնության այս պայմաններում ընտրության գնալը խիստ վտանգավոր է. ապրիլի 14-ի ակցիան՝ ահազանգ. 1in.am

Ապրիլի 14-ին՝ ժամը 13-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է նախատեսում Բարձրագույն դատական խորհրդի դիմաց,հայտնում է 1in.am-ը։

Բողոքի ակցիային մասնակցելու են իրավապաշտպաններ, փաստաբաններ, դատական համակարգի ապօրինություններից տուժած քաղաքացիներ։ Ո՞րն է այս ակցիայի նպատակը․ «Առաջին լրատվական»-ի այս հարցին Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Իրականում, մեր երկրի հիմնական խնդիրներն ախտորոշելու համար և առաջացած անլուծելի թվացող համակարգային արատները, ամեն անգամ այս մտորումները, վերլուծությունները բերում հանգեցնում են դատական համակարգի վրա։ Մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից առաջ՝ 25 տարվա կտրվածքով, պետության զավթման մեջ այնպիսի դերակատարություն է ունեցել դատարանը, որին ժողովրդի իշխանությունը չի կարողացել հաղթահարել։ Ըստ էության՝ հեղափոխությունը չի կարողացել լուծել դատական իշխանության առողջացման հարցը։

Վերջին այս երեք տարիների ընթացքում ես խմբակցությունից դուրս միակ պատգամավորն եմ, որ բազմաթիվ անգամ խոսել եմ դատական համակարգի վիրահատական միջամտության անխուսափելիության մասին, ողջունել եմ վարչապետի այն հանձնառությունը, որ նա ստանձնեց 2019 թվականի մայիսի 20-ին, որով նա հայտարարեց, որ վիրահատական միջամտությամբ առողջացման գործընթաց է սկսում՝ վեթինգի տեսքով։ Այդ բոլորը տեղի չի ունեցել, բայց մենք հասկանում ենք, որ գնալով դատական համակարգն ավելի ու ավելի համախմբված է սկսում գործել ընդդեմ պետության, ընդդեմ պետականության, ընդդեմ ժողովրդավարության և ընդդեմ ժողովրդի իշխանության։

Ընտրություններից առաջ մենք հիմնարար փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության առաջ էինք կանգնած, ինչը չենք արել։ Անցյալ տարեվերջին ես հանդիպել եմ իշխող խմբակցության անդամների հետ, անձամբ վարչապետի հետ, և ճանապարհային քարտեզ եմ ներկայացրել, որ ընտրությունների նման դատական համակարգով չի կարելի գնալ։ Մարտի 1-ի գործով կայացված որոշումներն ահազանգ են, որ դատական համակարգը քաղաքական համակարգում այլևս քաղաքական կողմ է»։