Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հյուպատոսության բացումը քաղաքական ազդակ է, թե որքան է կարևորում Սյունիքը և Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը. քաղաքագետ

Իրանի հյուպատոսության բացումը քաղաքական ազդակ է, թե որքան է կարևորում Սյունիքը և Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը.  քաղաքագետ
Քաղաքականություն
20:05, 20 октябрь 2022
Այսօր պաշտոնական այցով Հայաստան  է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իսկ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի է ունենալու ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնի է, Իրանը հաճախակի է մեր շահերից բխող հայտարարություններ անում, դրանցից ամենաթարմը Հայաստան ժամանումից առաջ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունն էր այն մասին,  որ Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել Հայաստանը Իրանից կտրելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների ծրագիրը։ Մյուս կողմից, սակայն, մենք ականատես եղանք, որ Իրանը այն երկրներից էր, որ չողջունեց ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայումը Հայաստանի սահմանին, ավելին՝ հայտարարեց, որ դեմ է լինելու, եթե այդ առաքելությունը հետագայում վերածվի ռազմականի։ 
Թեմայի շուրջ զրուցել ենք  քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ 


- Պարոն Հակոբյան, ի՞նչ նպատակներ ունի Իրանը, և ընդհանրապես Հայաստան-Իրան բազմակողմանի, այդ թվում՝ ռազմական համագործակցության զարգացման  ի՞նչ հեռանկար եք տեսնում։

- Իրանի հյուպատոսության բացումը քաղաքական ազդակ է, թե որքան է կարևորում Սյունիքը և Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և շահերի բախման հանգամանքը, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։ 
Իրանի բոլոր հայտարարությունները, սահմանին պարբերաբար զորավարժությունները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է կտրուկ միջոցներով պաշտպանել նախևառաջ իր շահերը ռեգիոնում։ Իսկ որո՞նք են այդ շահերը. առաջին հերթին՝ դա իր սահմանների անձեռնմխելիությունն է, երկրորդը՝ Իրանի համար կարևոր է որպես խաղացող տարածաշրջանից դուրս չմնալը։ Այս առումով Իրանը մշտապես զգայուն է Արևմուտքի ներկայության հարցում, և պատահական չէ, որ Իրանը մշտապես, նաև ԵՄ դիտորդական առաքելության հաստատումից հետո մտահոգություն է արտահայտել, որ արտատարածաշրջանային դերակատարների հայտնվելը, ներգրավվածությունը անցանկալի է իր համար, ինքը դեմ է դրան։ Այս առումով լարվածության լրացուցիչ լիցքեր են ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, որոնք ներկայում բավականին բարդ են ու անորոշ։ ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, արդեն հայտարարել է, որ  իր համար այս պահին դա առաջնահերթություն չէ, բացի դրանից՝ Իրանի կողմից չեն տեսել համագործակցելու ակտիվ ձգտում։ Դրան գումարած՝ պետք է նկատի առնենք նաև, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված Իրանը  չափազանց զգայուն է տարածաշրջանում Իսրայելի դերակատարման ակտիվության հարցում, և երբ հայտարարում է, որ դեմ է արտատարածաշրջանային դերակատարների ակտիվացմանը, նկատի ունի ոչ միայն Արևմուտքին, այլև Իսրայելին։ Այս հանգամանքներն են ձևավորում Իրանի մոտիվները, և սրանք են ընդհանուր մտահոգությունների շրջանակները:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերությունների հեռանկարին, մեզ համար չափազանց կարևոր հարցն այն է, որ Իրան-Հայաստան հարաբերությունների սերտացումը առաջացնում է Արևմուտքի խանդը, և հակառակը՝ Իրանը խանդով է վերաբերվում Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացմանը։ Այս հարցում Հայաստանի համար խնդիր է՝ մի կողմի հետ հարաբերությունները պատանդ չդարձնել մյուս կողմի հետ հարաբերությունների համար, այսինքն՝ կարողանալ կայուն և հանգամանալից երկխոսությամբ զարգացնել և՛ հայ-իրանական, և՛ Արևմուտքի հետ շփումը։  

- Ըստ Ձեզ՝ Իրանի հարցում մեր սպասելիքները չափազանցվա՞ծ են, թե՞ իրատեսական հիմնավորում  ունեն։ 

- Իրանը պարբերաբար բարձրացնում է իր մտահոգությունները ու պատրաստակամությունը՝ իր շահերը պահելու։ Սակայն այստեղ շատ դետալներ կան. մասնավորապես, երբ Իրանը հայտարարում է, որ թույլ չի տալու սահմանների փոփոխություն, մեզ մոտ այն թյուր տպավորությունը չպետք է ստեղծվի, որ հանուն Հայաստանի Իրանը պատրաստ է շատ լուրջ գործողությունների։ Ո՛չ, պետք է հասկանալ, որ Իրանը շատ ռացիոնալ է գործում և հանուն իր անվտանգության։ Հետևաբար մեզ հետ համագործակցության մակարդակը կանխորոշելու է այն հանգամանքով, թե Հայաստանի հետ շահերի համընկնումն ինչ չափով կլինի, իսկ Հայաստանի հետ թեև կա շահերի համընկնում, սակայն միարժեք չէ։  Պետք է նկատի ունենանք, որ Իրանը խոշոր խաղացող է, և ինչ-որ պահի չի բացառվում, որ նրա համար Հայաստանի հետ հարաբերությունները դառնան մանրադրամ այլ կարևոր հարցերում։ Սա բնորոշ է բոլոր խոշոր խաղացողներին։ Այսպիսով, Հայաստանը պետք է հետապնդի Իրանի հետ տնտեսական-քաղաքական և հնարավորության դեպքում՝ նաև ռազմական հարաբերությունների սերտացում, բայց ոչ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման հաշվին։

Մյուս կողմից՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է հաշվի առնի Իրան-Ռուսաստան բարձրաստիճան գործընկերությունը, որոնք տեղ-տեղ դաշնակցային մակարդակի են, և իր անվտանգային հարցերում իր քայլերով չհայտնվի հակադիր տրամաբանության մեջ։

- Իրանի դերի աճը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեզ համար։  


- Իրանը քանիցս բացահայտ հայտնել է, որ տարածաշրջանում ռեգիոնալ դասավորությունը տեսնում է «3+3» ձևաչափի մեջ։ Շատերը կարծում են, թե դա թուրքական կամ ռուսական նախաձեռնություն  է, սակայն չպետք է մոռանանք, որ առաջին նախաձեռնությունը հրապարակային մակարդակում հենց Իրանն է արել։ Դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի նախագահի խորհրդականը կատարեց ռեգիոնալ այց Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ ուղղված այլ խաղացողների ներգրավման դեմ։ Իրանի մոտեցումը հետևյալն է. պահպանել իր դերակատարումը տարածաշրջանում: Ընդ որում, Իրանը Կովկասյան ռեգիոնը դիտարկում է շատ ավելի մեծ՝ մերձավորարևելյան տրամաբանության մեջ՝ որպես  շղթայական անվտանգային առանցքային օղակներից մեկը։ Հետևաբար Իրանը մեր խնդիրները դիտարկում է ավելի մեծ տրամաչափով, քան մենք ենք դիտարկում, և կարող ենք ասել, որ մեր որոշ շահեր չեն համընկնի Իրանի հետ։ Այս առումով Իրանի հետ սպասվում է բավականին մանրակրկիտ, բարդ, բազմաշերտ հարցերի քննարկում։ Բացի դրանից՝ մենք չպետք է սպասենք, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները կսերտացնի Ադրբեջանի հաշվին։ Համեմատության համար ասենք, որ Իրանն ավելի զգայուն է արձագանքել Հայաստան-Իսրայել հարաբերությունների հնարավոր առաջընթացին, քան  Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին վերաբերող հարցերին։ Այսինքն՝ Իրանի համար Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հավասարաչափ կարևորություն ունեն, ինչքան էլ որ հայտարարում է, որ թույլ չի տա Հայաստան-Իրան սահմանի փոփոխություն և աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումներ։

Թամարա Ղազարյան