Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վաշինգտոնում հանդիպումը մեսիջ է Պուտինին և կողմերին մղելու ուղիղ բանակցությունների՝ դուրս գալով կարուսելից». Կոզլարիչը՝ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպման մասին

«Վաշինգտոնում հանդիպումը մեսիջ է Պուտինին և կողմերին մղելու ուղիղ բանակցությունների՝ դուրս գալով կարուսելից». Կոզլարիչը՝ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպման մասին
Քաղաքականություն
12:34, 04 ноябрь 2022
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հաջորդ շաբաթ կժամանեն Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախատեսվող եռակողմ հանդիպման մասին ոչ մի մանրամասն առայժմ չի հաղորդում։

Հարավային Կովկասի հարցերով նախկին փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը (1994-1997) Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումը համարում է «մեսիջ Պուտինին, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, ներգրավված է Հարավային Կովկասի գործերում»:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը ցանկանում է դադարեցնել անվերջանալի ֆորումների «կարուսելը», որում ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, և ստիպել նրանց ուղիղ խոսել միմյանց հետ։

«Ես վստահ չեմ, թե ինչ նպատակներ ունի ԱՄՆ-ը, բացի Մոսկվային ազդանշան ուղարկելուց և կողմերին մղելուց դուրս գալու այդ կարուսելից և վերականգնելու ուղիղ բանակցությունները, որոնք տանում են դեպի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա։
 
Նրա կարծիքով՝ ԱԳ նախարարներին հրավիրելը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է գնահատել Սոչիում կայացած հանդիպման արդյունքները։

«Սոչիում բանակցությունների ելքը պարզ չէ, բայց պարզ է, որ Պուտինը կողմերից ոչ մեկից չստացավ այն, ինչ ուզում էր։ Չեմ կարծում, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը ինչ-որ բան կփոխի, բայց առաջիկա բանակցությունները ցույց են տալիս Բայդենի վարչակազմի ջանքերն ու առաջնորդությունը նոյեմբերի 16-ին Կոնգրեսի լսումների նախօրեին, որտեղ Կովկասի հարցերով Պետդեպի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը և պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հանդես կգան հանրային դեբատներով»,- ասել է Ռիչարդ Կոզլարիչը: