Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից. Արարատ Միրզոյանի հայտարարությունը Բայրամովի և Բլինքենի հետ եռակողմ հանդիպմանը

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից. Արարատ Միրզոյանի հայտարարությունը Բայրամովի և Բլինքենի հետ եռակողմ հանդիպմանը
Հայաստան
13:43, 20 сентябрь 2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ներդնել  միջազգային մեխանիզմներ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հետագա էսկալացիաներից խուսափելու համար։

 «Հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, անընդունելի են ուժի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը, իսկ հետագա էսկալացիաները կանխելու համար պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ»,- հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում՝ Ադրբեջանից բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։

«Միրզոյանը հաստատել է բանակցային գործընթացում ներգրավվելու հայկական կողմի պատրաստակամությունը»,- նշում են մամուլի ծառայությունից։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։