Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիրների ձևական վերադարձը ԱԺ. նպատակը մանդատներից չզրկվելն է

Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը։ Ընդդիմությունը վերադարձել էր խորհրդարան։

Նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարերեց, որ իշխանությունը ստիպված է համակերպվել իրենց ներկայության հետ։

Միայն իրենց օրակարգով խորհրդարան վերադարձած ընդդիմությունը, սակայն, նիստերի կեսից կրկին լքեց խորհրդարանի դահլիճը։ 


Իսկ ընդդիմության օրակարգը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր։ Հրաժարականի, ինչպես գիտենք, ընդդիմությունը չհասավ։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց սահմանած գլխավոր նպատակին այդպես էլ չհասան, բայց դա չի նշանակում, որ փողոցային պայքարը ձեռքբերումներ և արդյունքներ չի ունեցել։

Ընդդիմությունը՝ ըստ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների, իրենց սխալների վերլուծություն արել է, բայց հրաժարվեցին հանրային կերպով այդ մասին խոսել։

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն էլ նշեց․ «բարդ է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, հեշտ գործ չէ»։ 

Վերջին երկու օրվա ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ ընդդիմադիրների կարծիքները կիսվել են՝ խորհրդարան վերադառնալու կամ չվերադառնալու առումով, և վերադարձի որոշումից հետո որոշ պատգամավորներ ցանկություն են հայտնել վայր դնել մանդատները։

Խորհրդարան չվերադառնալու կողմնակից էր նաև «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր, ընդդիմության ոչ պաշտոնական առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։ «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը հերքեց այս լուրերը․

«Հայաստան» դաշինքում էլ այս պահին այդպիսի որոշում չկա։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց նաև, որ իրենք չեն մասնակցելու վաղվա՝ կառավարության հետ հարցուպատասխանին, «Հայաստան» դաշինքի մասնակցությունը դեռ անհայտ է։

Ստացվում է ընդդիմությունը վերադարձել է Ազգային Ժողով, բայց միայն միջանցնքեր։ Վերջիններս լիարժեքորեն չեն մասնակցում ո՛չ լիագումար նիստերին, ո՛չ հանձնաժողովի նիստերին, ո՛չ հարցուպատասխանին։ Տպավորություն է, որ վերադարձել են միայն նրա համար, որպեսզի կառավարող ուժը չկարողանա նիստերին չներկայացող պատգամավորներին զրկի աշխատավարձերից, նաև՝ մանդատներից։