Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու քույր-քաղաքների՝ ԱՄՆ Գլենդելի, Ֆրանսիայի Քրեթեյի և Իրանի Յազդի քաղաքապետարաններն արձագանքել են ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակմանը

Գյումրու քույր-քաղաքների՝  ԱՄՆ Գլենդելի, Ֆրանսիայի Քրեթեյի և Իրանի Յազդի քաղաքապետարաններն արձագանքել են ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական հարձակմանը
Քաղաքականություն
21:21, 17 ноябрь 2022
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով Գյումրու համայնքապետարանը քույր-քաղաքների միջոցով ևս աշխարհին հայտնել էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ձեռնարկած լայնածավալ ռազմական հարձակման մասին՝ փոխանցելով ուղերձներ, որոնց արձագանքել են ԱՄՆ Գլենդել, Ֆրանսիայի Քրեթեյ և Իրանի Յազդ քաղաքների քաղաքապետարաններից:

Գլենդելի քաղաքային խորհրդից Պաուլա Դևինը գրել է. «Ես Կալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ եմ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրել է դատապարտող նամակ և ուղարկել է սենատոր Փելոսիին, ինչպես նաև բոլոր հարակից դաշնային կազմակերպություններին՝ ներառյալ Միավորված ազգերի կազմակերպությունը: Ես կանգնած եմ ձեր կողքին՝ ձեր երկրի պաշտպանության գործում: Իմ մտքերն ու աղոթքները ձեր և ձեր հայրենակիցների հետ են»:

Ֆրանսիայի Քրեթեյի քաղաքապետարանից ուղարկել են քաղվածք՝ ավագանու նիստերի գրանցամատյանից, որտեղ արձանագրված է, որ քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները վճռականորեն դատապարտող միջնորդություն, ինչպես նաև խնդրել է Ֆրանսիայի իշխանություններին շարունակել ջանքերը՝ նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու նշված միջազգային ճգնաժամը, որը լրջորեն վտանգում է այս տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ Գրանցամատյանում նաև նշված է հայ-ֆրանսիական՝ մասնավորապես Գյումրի-Քրեթեյ բարեկամական հարաբերությունների մասին (Քրեթեյի քաղաքապետարանի ավագանու նիստերի գրանցամատյանի քաղվածքը՝ հրապարակմանը կից):

Իրանի Յազդի քաղաքապետ Աբու Ալ Ղասեմ Մոհիալդինին Գյումրիի համայնքապետարանի նամակին ի պատասխան գրել է. «Ստացա Ձեր նամակը, որը կոչ էր՝ ուղղված քույր-քաղաքներին` դատապարտելու Հայաստանի դեմ վերջին ռազմական հարձակումը: Ձեր նամակի մասին տեղեկացրել ենք նաև «Պատմական քաղաքների լիգա»-ի (LHC) մեր գործընկերներին, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ճապոնիայում, ինչպես նաև Կանադայում գտնվող «Համաշխարհային ժառանգության քաղաքների կազմակերպությանը» (OWHC), որոնց անդամ ենք հանդիսանում: Այս կազմակերպությունները ներառում են ամբողջ աշխարհի հայտնի պատմական քաղաքները։ Ես նաև խնդրեցի իմ գործընկերներին՝ պաշտոնապես գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Քաղաքների կոալիցիա ընդդեմ խտրականության»-ը  և փոխանցել ձեր իրավացի մտահոգությունները։ 

Ինչպես ընդգծել էր Իրանի արտգործնախարարը, մենք համերաշխ կանգնած ենք հայերի կողքին և դատապարտում ենք տարածաշրջանում և Հայաստանի ինքնիշխան տարածքում նախկինում համաձայնեցված խաղաղության պայմանագրերի ցանկացած խախտում»։