Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նկատմամբ անհատական պատժամիջոցներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, ԼՂ ճանաչում․ ի՞նչ է առաջարկվում Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևում

Ադրբեջանի նկատմամբ անհատական պատժամիջոցներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, ԼՂ ճանաչում․ ի՞նչ է առաջարկվում Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևում
Քաղաքականություն / Աշխարհ
22:30, 30 ноябрь 2022
Րոպեներ առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունվեց։ 

Նշենք, որ բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։


Հիշեցնենք նաև, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող ևս մեկ բանաձև։

Ստորև ներկայացնում ենք երկու բանաձևերի դրույթները․

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը (նոյեմբերի 15)։

- պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;
- կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;
- առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;
- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;
- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։


Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից (նոյեմբերի 30)։

 
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.
- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;
- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);
- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;
- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող  տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։