Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի համաձայնությունը պետք է հարգվի. ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի  համաձայնությունը պետք է հարգվի. ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ
Քաղաքականություն / Աշխարհ
07:22, 21 декабрь 2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

«Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ապահովել միջանցքի երկայնքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համահունչ: Այդ համաձայնությունները պետք է հարգվեն: Եվ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն: Ապրանքների և մարկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով կարևորագույն նշանակություն ունի տարածքում ապրող բնակչության համար»,-ասաց Ֆերիտ Հոխհան:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահ զորախումբը տեղում պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով: Իսկ ինչ վերաբերում  է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին՝ նա ասաց, որ Ալբանիան կոչ է անում երկու կողմերին լիարժեք բանակցությունների միջոցով գտնել լուծումներ:  Ալբանիայի ներկայացուցիչը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս ուղղությունը ճիշտ ուղղություն է, և Ալբանիան աջակցում է այս զարգացումներին:

Նա նկատեց, որ երկու կողմերը հանձնառություն են հայտնել ստորագրելու խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ:

Ներկայացուցիչը դա ավելի քան կարևոր համարեց ոչ միայն սահմանամերձ տարածքների անվտանգության, այլ նաև ընդհանրապես բոլոր առկա խնդիրների խաղաղ հանգուցալուծման համար:

«Խաղաղ, բանակցված լուծումն այլընտրանք չունի: Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը գնան այս ուղղությամբ, այդքան ավելի լավ այդ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանի համար»,-եզրափակեց նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։