Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրական օրենսգրքի ընդունման հրատապություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում արտահերթ ընտրությունների հավանականությունը»․ Դանիել Իոննիսյան

«Ընտրական օրենսգրքի ընդունման հրատապություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում արտահերթ ընտրությունների հավանականությունը»․ Դանիել Իոննիսյան
Քաղաքականություն
17:56, 16 февраль 2021
Առաջիկա օրերին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման կդրվի Ազգային Ժողովում։ Civic.am-ը զրուցել է Ընտրական օրենսգրքի և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։

-Պարոն Իոաննիսյան, առաջիկա օրերին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քննարկման է դրվելու ԱԺ-ում։ Նման հրատապությունը կարո՞ղ է նշանակել, որ իշխանությունն, այնուամենայնիվ, պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Նման միտում տեսնո՞ւմ եք։  

-Ես չեմ տեսնում հրատապություն, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները սկսել ենք նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից, և այս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի համայնքների մեծ մասում ունենալու ենք տեղական ընտրություններ։ Իսկ արտահերթ ընտրությունների հավանականությունը չեմ բացառում։

-Ինչու՞ է նախատեսվում վերացնել տարածքային ցուցակներն ու ընդունել համամասնական ընտրակարգը, այսինքն՝ ռեյտինգայինից անցումը 100 տոկոս համամասնականի ի՞նչ է տալու։  

-Ռեյտինգային ընտրակարգի դեպքում քաղաքացիները ոչ թե քվեարկում էին, այս կամ այն կուսակցությանը, այլ քվեարկում էին այս կամ այն անձին, իսկ այդ անձի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում էր ոչ թե անձի քաղաքական գործունեությամբ, այլ ընդհուպ մինչև կրիմինալ գործունեությամբ պայմանավորված։ Եվ եթե մենք ուզում ենք բազմակուսակցական ժողովրդավարություն լինի, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ 

-Քարոզարշավների հետ կապված ի՞նչ փոփոխություններ են արվել։ 

-Փոփոխություններից մեկը՝ քարոզարշավի ֆինանսավորման խաղի կանոններն են, որպեսզի օլիգարխներն այլևս չկարողանան իրենց գրպանից քարոզարշավ ֆինանսավորել։ Սա նշանակում է, որ քարոզարշավը կարող է իրականացվել միայն հանրության հավաքած փողերով, և դա չի կարող լինել բիզնեսի կամ օլիգարխի փողերով։ Սրա նպատակը նա է, որ Կառավարությունում, ԱԺ-ում, ավագանիում ընտրվելու դեպքում կուսակցությունները  որոշումներ կայացնելիս, օրենքներ ընդունելիս պարտավոր լինեն հանրությանը և ոչ թե օլիգարխներին, բիզնեսին։ Իսկ եթե քարոզարշավի համար ֆինանսավորումը ապահովել է ինչ-որ օլիգարխ, ապա իրենք առաջնորդվում են այդ փոքր խմբի, շրջանակի շահերով և ոչ թե հանրության լայն շրջանակի շահերով։  

-Ընտրական օրենսգրքում ինչ փոփոխություններ են արվել, որոնք առավել ուշագրավ են, ինչպես նաև նոր փոփոխություններով ինչպես է կազմվելու ընտրողների ցուցակները, քանի որ տարիներ շարունակ ընտրելու իրավունք չունեցող կամ արտերկրում բնակվող անձինք, ինչպես նաև մահացածները պարբերաբար հայտնվում էին ընտրական ցուցակներում։

-Օրենսգրքում խորքային փոփոխություններ են արվել։ Ընտրողների ցուցակների կազմումը՝ օրենսգրքի այն սեկտորն է, որը մշակել էինք դեռ 2018 թվականին,  ընտրական բարեփոխումների հանձնաժողովում, այդ ժամանակ նախագիծը ԱԺ-ն չընդունեց։  Կոնցեպտը հետևյալն է՝ ընտրողների ցուցակից դուրս են հանվում բոլոր այն անձինք, որոնք չունեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ և այսպես ցուցակները բավականին կմաքրվեն։  

-Հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի առավել մատչելի դարձվի ընտրական գործընթացը ինչ փոփոխություններ են կատարվել։

-Փոփոխություններ կատարվել են, որովհետև օրենքով ամրագրվածը բավարար չէր, ես այն կարծիքին եմ, որ ներկայիս նախագծով արված փոփոխություններն էլ բավարար չեն։ Ընդ որում այստեղ օբյեկտիվ պատճառներ էլ կան, մենք չունենք այս երկրում 2000 հանրային սեփականություն հանդիսացող տարածք, որոնք ունենան թեքահարթակ և այդ հարցը օրենսգրքով չի որ պետք է լուծվի։ Եթե դպրոցը, մշակույթի տունը, համայնքապետարանը չունի թեքահարթակ՝ դա արդեն ոչ միայն ընտրական համակարգի, այլ գլոբալ պրոբլեմ է։ Հիմա նախատեսել ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք ազատ լինեն քվեարկել այն տեղամասում, որտեղ իրենք կընտրեն, որն իրենց հասանելի է, իհարկե նախապես Ոստիկանության անձնագրային վարչությանն այդ մասին հայտնելով։ 

-Քննարկվում էր ընտրողների տարիքային շեմը նվազեցնելու հարցը՝ առաջարկում էիք տարիքային շեմը 18-ից իջեցնել 16-ի, վերջնարդյունքում կատարվե՞ց փոփոխություն, ընտրելու իրավունքի համար ո՞ր տարիքը սահմանվեց որպես շեմ։ 

-Մենք այդ առաջարկությունը պնդում ենք, բայց դա Սահմանադրական կարգավորման առարկա է, ընդ որում՝ Սահմանադրության այնպիսի դրույթ է, որը կարող է միայն հանրաքվեով փոխվել և Սահմանադրական  բարեփոխումների հանձնաժողովում այդ հարցը քննարկվում է։  

-Կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում էր առաջարկվում, ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին այս ուղղությամբ։

-Ցավոք սրտի, մենք ունենք հասարակության լայն շերտեր, որոնք համարում են, որ կինը գործ չունի քաղաքականությունում, որ քաղաքականությունը տղամարդկանց բան է,  և դա վերաբերում է ոչ միայն ԱԺ-ին, դա շատ լայն պրոբլեմ է, որն ունենք  հասարակությունում։  Մենք ԱԺ-ում, ավագանիում դնում ենք ինչ-որ մինիմալ քվոտա, որով ապահովում ենք, որ կանայք գան, նախ հեշտացնում ենք, որ կանայք հասնեն ԱԺ, որովհետև կանանց ավելի դժվար է հասնել ԱԺ կամ ավագանի, քան տղամարդկանց։  Եվ երբ մեծ թվով կանայք  հայտնվում են Աժում, ավագանիներում՝  հասարակությունը սկսում է տեսնել նրանց քաղաքականության մեջ լուրջ որոշումներ կայացնելիս, և հասարակության մեջ կարծրատիպ ենք կոտրում։ 

-Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ «սորոսականները» Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները փաթեթով ներկայացրել են «Իմ քայլին», ո՞ր հասարակական կազմակերպություններն են առաջարկներ ներկայացրել, որոնք ընդունվել են այս փոփոխությունների շրջանակում։ 

-Այո, ոչ թե առաջարկություն ենք ներակայացրել, այլ գրել ենք։ Օրինակ ընտրողների ցուցակների վերաբերյալ դրույթը գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, որը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ունի։ Այո, և մենք գրել ենք այն մեխանիզմը, որով պետք է բոլոր մեռած հոգիները դուրս գան ընտրողների ցուցակից։ Մենք ավելի շատ ներգրավված ենք, քան մամուլը գրում է։ Գործընթացին մասնակցում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասնեյակը» և այլն։ 


Նարա Մարտիրոսյան