Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն «ոտնձգություն» է կատարում ՀՀ սուվերենության ուղղությամբ, ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դե՞րը․ արդյոք ՌԴ սահմանապահները պատրաստվում են սահմանի որոշ տեղերում մոտ չթողնե՞լ ԵՄ դիտորդներին

ՌԴ ԱԳՆ-ն «ոտնձգություն» է կատարում ՀՀ սուվերենության ուղղությամբ, ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դե՞րը․ արդյոք ՌԴ սահմանապահները պատրաստվում են սահմանի որոշ տեղերում մոտ չթողնե՞լ ԵՄ դիտորդներին
Քաղաքականություն
21:00, 26 январь 2023
ՀՀ ռազմավարական դաշնակից, Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանը, որն այդպես էլ չդատապարտեց անցյալ տարվա սեպտեմբերի 13-14-ը ՀՀ սահմանի վրա Ադրբեջանի հարձակումը, ՀՀ տարածքների օկուպացիան, որը հայկական կողմից մոտ 230 զոհի պատճառ դարձավ, այսօր, կարելի է ասել, բողոքի նոտա է հղել Հայաստանի սահմանին 2 տարով ԵՄ դիտորդական նոր՝ 100 հոգանոց առաքելություն տեղակայելու ԵՄ որոշման առթիվ։

Հիշեցնենք, որ նախորդ՝ ԵՄ մոնիթորինգի առաքելությունը, որը Հայաստանում էր անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի խնդրանքով եկավ հենց սեպտեմբերյան ագրեսիայից հետո, երբ Հայաստանը ռազմաքաղաքական աջակցություն չստացավ ո՛չ ՌԴ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից։

«Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններին ԵՄ «փորձագետների» դիտարկումից»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ այն դեպքում, երբ հայկական կողմը մի քանի անգամ համոզմունք է հայտնել, որ ԵՄ դիտորդների ներկայությունն է կանխել Ադրբեջանի նոր նկրտումները:

 Ավելին՝ այսօրվա հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը՝ շեշտելով․ «Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Կովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»։

Սա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանը բացահայտ արհամարհում է, օրինակ, Լաչինի միջանցքը բացելու Լավրովի կոչը, կամ բացահայտ չի կատարում ՌԴ արբիտրությամբ ստանձնած նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով պարտավորությունները։

 «Հայաստանի սահմանային շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերափոխվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ածանցյալի և ԱՊՀ տարածքում վարում է առճակատման քաղաքականություն, ունակ է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել գոյություն ունեցող հակասությունները»,- զգուշացրել է ՌԴ արտաքին գերատեսչությունը։
 
Ապա ՌԴ ԱԳՆ-ն «սպառնացել է», որ Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահները «կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»՝ առաջարկելով փոխարենն օգտագործել «ՀԱՊԿ-ի ներուժը»։

 Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը վերջին 2 տարում Հայաստանի տարածքների վրա Ադրբեջանի 2 հարձակման պարագայում ոչ միայն ռազմական աջակցություն չցուցաբերեց Հայաստանին, այլև անգամ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան իր անդամ երկրի հանդեպ։
 
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս․ մոտ մեկ շաբաթ առաջ ԵՄ մի պաշտոնյա-աղբյուր ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ POLITICO-ի-ին հայտնել էր․ «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում ամենուր է։ Մենք մի քանի դեպք ենք ունեցել, երբ ռուս սահմանապահները մեր դիտորդներին հետ են ուղարկել, անգամ այն դեպքում, որ նրանց ուղեկցում էին ՀՀ ՊՆ պաշտոնյաները»։ 

Արդյոք այս անգա՞մ էլ ՌԴ սահմանապահները, որոնք սեպտեմբերյան հարձակման հենց նախաշեմին լքել էին իրենց դիրքերը, պատրաստվում են մոտ չթողնել ԵՄ դիտորդներին՝ դիտարկելու Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներ։

Սա ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն ՀՀ սուվերենության նկատմամբ։ 

Մարինե Խառատյան