Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԵՄ առաքելությունը առանց Ադրբեջանի համաձայնության տեղակայվելու դեպքում կարող է հակաարդյունավետ լինել». Լավրովը՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին

«ԵՄ առաքելությունը առանց Ադրբեջանի համաձայնության տեղակայվելու դեպքում կարող է հակաարդյունավետ լինել». Լավրովը՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին
Տարածաշրջան
16:19, 18 январь 2023
Մոսկվան դեռ պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեզ մոտ դեռևս պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը»,- այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։ 

«Այնուամենայնիվ,- շարունակել է նա,- չնայած այն հանգամանքին, որ մենք դաշնակիցներ ենք, չնայած այն հանգամանքին, որ այս առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմունքով տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելությունը»: 

Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը, «դա, իհարկե, Հայաստանի իրավունքն է»։ «Բայց չպետք է մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է լինել ուղղակի հակաարդյունավետ: Սահմաններին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ստեղծել լրացուցիչ գրգռվածություն»,- նշել է Լավրովը։

Նա խոստովանել է, որ ՀԱՊԿ շրջանակներում «կան դժվարություններ՝ կապված Հայաստանում ներկայիս իրավիճակի հետ»։ «Երբ մեր հայ ընկերները առաջ քաշեցին Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար, մենք Երևանի գագաթնաժողովում համաձայնեցրինք այդ առաքելության պարամետրերի վերաբերյալ նման փաստաթուղթ։ Բայց այն չհաջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այդ փաստաթղթում լինի Ադրբեջանի կոշտ դատապարտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։