Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ է, որպեսզի բանակցային գործընթացի նոր շերտեր բացենք․Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը նշեց, որ ուշադրությամբ նայում էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը, հատկապես արտաքին գործընթացների  հետ կապված, ԼՂ-ի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի հետ կապված և արձանագրեց հատկապես մի շարք մեղադրանքներ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ուղղությամբ՝ բանակցային գործընթացը խափանելու, տապալելու, այն անհասկանալի դարձնելու մասով։

«Ձեր իշխանության գալուց հետո բանակցային գործընթացը, ինչպես հիմնավորում էր Սերժ Սարգսյանը, ինչպես ներկայացնում է մի քանի անգամ, համենայն դեպս դեկլարատիվ մակարդակի փոփոխությունների ենթարկվեց, դարձավ անհասկանալի, որի արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ ՝ ազգային և պետական ողբերգություն։ Այստեղ իհարկե ես հարց ունեմ, որ եթե ամեն ինչ գնում էր էդ ուղղությամբ, բա ինչո՞ւ չգնաց և դարձավ այնպես, որ վերջ եկավ ձեր իշխանությանը ու ունեցանք էն ինչ-որ ունենք, խնդրում եմ ձեր մեկնաբանությունները, ինչո՞ւ խաթարվեց բանակցային գործընթացը՝ ողբերգություն բերելով մեր երկրին»,-հարցեր Տիգրան Ուրիխանյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարծում է, որ մերժվածի հարցազրույցը շատ լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի բանակցային բովանդակության նոր շերտեր բացեն, որը նախկինում բացելու հարցում ունեին որոշակի սահմանափակումներ։

«Ձեր նշած անձը իր հարցազրույցում խոսելով ԼՂ-ի կարգավիճակի ապագա ճշգրտման  մասին, որը պիտի նախատեսվեր բանակցային գործընթացում, օգտագործվեց ԼՂ-ի բնակչություն հասկացությունը։ Ես չգիտեմ նախկինում այս եզրույթն օգտագործվել է, թե չէ, բայց նախորդ իմ այստեղ ունեցած ելույթում մի փոքր այդ թեմային անդրադարձել եմ և ենթադրում եմ, որ ռեակցիան այդտեղից է։ Եվ երբ որ կանցնեն տարիներ և կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր մենք բոլորս կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից մենք իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի, թե ենթադրվող հանրաքվեի իմաստով, որը ես ասել եմ, որ նշված չէ, թե որտեղ պիտի տեղի ունենա, բայց նշված է, որ ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պիտի լինի,թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով  համարվելու ԼՂ բնակիչ։ Ես այստեղ ուզում եմ միջակետ դնել և շարունակել։ Էս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ-բնակիչ ադրբեջանցիներ։ Հարց, ադրբեջանցիների ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել ԼՂ-ում, չէ՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։