Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն, որ դուք եք զբաղեցնում ընդդիմադիր դաշտը, ամենամեծ վնասն է ՀՀ-ին. թույլ տվեք առողջ ուժերին գալ, և մենք հանգիստ սրտով կհեռանանք. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում շարունակում է քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որը ներողություն էր խնդրում արցախցի քույրերից ու եղբայրներից՝ միաժամանակ ասելով, թե նրանց տեղն է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր արտահերթ ելույթում հայտարարեց. «Չեմ հասկանում, թե ինչու եք դուք այդ պաթոսով սեպ խրում Արցախի և Հայաստանի միջև, դրա իմաստը ո՞րն է, ո՞վ է շահելու դրանից: Լավ ելույթ էր, «Երկիր մեդիա»-ով մի 10 անգամ ցույց կտաք, դաշնակցական երիտասարդները կոգևորվեն»: 

Նա նշեց, որ իրենց ցանկությունն է ապահովել Հայաստանի անվտանգությունը, և իհարկե՝ Թուրքիայի վերաբերմունքը թշնամական է:

«Հա, բայց ի՞նչ անենք, Ստամբուլը արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մեր գլուխը գովելով, ձև անելով, թե՝ դե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, գիտեք՝  մենք մնացածից ինչ լավն ենք... տեսանք՝ ուր բերեց էդ փիլիսոփայությունը: Հիմա մեր խնդիրը այդ խնդիրը լուծելն է այսօրվա իրավիճակից ելնելով»:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց դուրս գալ քաղաքական դաշտից, քանի որ նրանք սպառել են իրենց քաղաքական օրակարգը: «Այն, որ դուք եք զբաղեցնում այսօրվա ընդդիմադիր դաշտը, դա ամենամեծ վնասն է Հայաստանի Հանրապետությանը: Դուրս եկեք քաղաքական դաշտից, թույլ տվեք, որ գան առողջ ուժերը, և մենք էլ հանգիստ սրտով կհեռանանք»,- հավելեց նա: