Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սովետական միության եւ անկախ Հայաստանի համար նախատեսված սահմանը ամբողջովին պահպանվում է․ Վաղարշակ Հարությունյան․ Տեսանյութ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի  ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ՊՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեց Սյունիքի մարզի Արավուս համայնքում տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիները բռնության էին ենթարկել հովվին եւ հարց ուղղեց Հարությունյանին, թե ի՞նչ է արվում, որպեսզի նման դեպքերը բացառվեն։

Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին եւ քաշքշուկ է եղել, որը հարթվել է։

«Սա բնական շփման գծի կյանքն է, թե՛ Ղարաբաղում, թե՛ այստեղ. կարեւորը չկան միջադեպեր, որ բերում են զոհերի։ Պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ չմոտենան դիրքերին», - ասաց նա։

Հարությունյանը ընդգծեց, որ սովետական միության եւ անկախ Հայաստանի նախատեսված սահմանը ամբողջովին պահպանվում է։ 

«Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են եւ կան տեղեր, որ հակառակը։ Պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովվի անվտանգությունը եւ վերահսկողությունը, դրանից ելնելով՝ դիրքերը առաջ եւ հետ են գնում։ Ուզում եմ ասել, որ սահմանային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել՝ կազմում են շատ փոքր քանակ մակերեսով եւ այս հարցերը կլուծվեն դեմարկացիայի ժամանակ», - հավելեց նա։