Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և ԱՀ դեմ սանձազերծված պատերազմը էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք զինամթերքի տեղափոխման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը․ Արթուր Դավթյան․ Տեսանյութ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության 2020 թվականի գործունեության տարեկան հաղորդումը։ Նրա խոսքով՝ դրանում բավականաչափ ներկայացվել են դատախազական գործառույթների բոլոր ուղղություններով ձեռնարկված միջոցների, դրանց արդյունքների վիճակագրությունը, դրանց դինամիկայի ուսումնասիրությունը, բաց և  թափանցիկ ներկայացվել են աշխատանքում ի հայտ եկած բացթողումը, դրանց վերլուծությունը, շտկման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերի ու լուծումների վերաբերյալ իրենց առաջարկներն ու տեսլականները։ 

Նա նշեց, որ առանձին անդրադարձ է կատարվել հաշվետու տարում, ինչպես նաև նախկինում արձանագրված հանրային մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունների քննության արդյունքներին։

Ներկայացնելով հանրապետությունում հանցավորության վիճակը Արթուր Դավթյանն ասաց, որ 2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 468 դեպք, 2019-ի համեմատ հանցագործությունների դեպքերի թիվը նվազել է 382-ով կամ 1,4 տոկոսով։
 
«2020 թվականին հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 55,7 տոկոս, նախորդ տարվա 58 տոկոսի դիմաց։ Չնայած որոշակի նվազմանը, արձանագրվել է բացահայտման ծավալների աճ։ Որովհետև 2020 թվականին բացահայտվել է 2019 թվականի համեմատ 105-ով ավելի հանցագործություն»,-ասաց գլխավոր դատազախազը։

Այնուհետև նա նշեց, որ հարկ է համարում այս բարձր ամբիոնից անդրադառնալու ներքին անվտանգության ու կայունության, հանցավորության վիճակի, հասարակական կարգի պահպանության վրա ազդող մի կարևոր գործոնի։

«Ուսումնասիրությունը վկայում է, որ հանցավորության մակարդակի հանրային համերաշխության ու անվտանգության, ներքին  կայունության վրա էական բացասական ազդեցություն են ունենում անհանդուրժողականության, ագրեսիայի և ատելության խոսքի դրսևորումների աճի տեմպերը։ Հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդող ժամանակահատվածում այդ վտանգներն ավելի ակնառու դարձան։ ՀՀ և ԱՀ դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք զինամթերքի տեղափոխման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը։ Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեկան գործերը։ Վերոնշյալ իրողությունները՝ համեմված ատելության խոսքով հանրորեն անարգել արտահայտվող վիրավորանքով, հանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերը, իրավակարգի սպառնալիքիները։ Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական պետության անկյունաքարային արժեքներից է, որին համարժեք ՀՀ-ում սահմանադրական  մակարդակով երաշխավորվում է այդ իրավունքի իրացումը»,-ասաց Արթուր Դավթյանը