Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետությունը պետությանը չի պաշտպանում»․ գլխավոր դատախազը՝ հանրային ծառայողի նկատմամբ վիրավորանքը քրեականացնելու անհրաժեշտության մասին

«Պետությունը պետությանը չի պաշտպանում»․ գլխավոր դատախազը՝ հանրային ծառայողի նկատմամբ վիրավորանքը քրեականացնելու անհրաժեշտության մասին
Հայաստան
14:14, 30 апрель 2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան հաղորդումը։ 

Արթուր Դավթյանը նշեց, որ այսօր կան բազմաթիվ հանցագործություներ, որոնցով կոչերը քրեականացված են։ Օրինակ ահաբեկչություն կատարելու կոչը, իշխանությունը բռնազավթելու կոչը, 2020-ին քրեականացվեց բռնության կոչը, բայց սրանք իրենց մեջ չեն տեղավորում վիրավորական խոսքը։ «Մենք գտնում ենք, որ այս մասով քրեականացման անհրաժեշտություն կա։ Ժամանակին քրեականացված է եղել ընդհանրապես վիրավորանքն ու զրպարտությունը, սակայն հիմա մենք ասում ենք՝ հանրային ծառայողին՝ կապված իր ծառայության հետ զրպարտելն ու վիրավորելն էլ է պետք քրեականացնել։ Սրանով մենք կոնկրետ սուբյեկտին չենք ուզում պաշտպանել, այլ՝ պետական ինստիտուտը։ Հիմա այստեղ կա բաց դաշտ։ Այսինքն պետությունը պետությանը չի պաշտպանում», - ասաց Արթուր Դավթյանը։

Դավթյանը նշեց, որ երբ ասում են, որ սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, պետք է հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանությունը դարձավ ազատ խոսք։ «Նույն եվրոպական իրավունքը սահմանում է, որ ազատ խոսքը բացարձակ իրավունք չէ։ Այն պետք է ունենա սահմաններ և այդ սահմանները պայմանավորված են համապատասխան համաչափությամբ, թե որքանո՞վ են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը։ Եթե մենք հիմա գնահատենք, այս պահին մենք այդ գծերն ունե՞նք։ Ես վստահորեն, մեր վերլուծությունների արդյունքներով ասում եմ, որ չունենք», - ասաց գլխավոր դատախազը։