Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս իշխանության ուժը նրանում է, որ մենք որևէ կերպ չենք ցանկանում միջամտել դատական համակարգի գործունեությանը. Վլադիմիր Վարդանյան․ Տեսանյութ

ԱԺ-ն այսօր՝ մայիսի 7-ին, շարունակում է քննարկել ՀՀ դատախազության 2020թ․ գործունեության մասին հաղորդումը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով այդ հաղորդմանը նախ նշեց, որ 2020թ․ շատ բարդ էր Հայաստանի համար առաջին հերթին Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տեսանկյունից, ինչպես նաև համավարակի․ «ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այս տարիների ընթացքում շատ ակտիվ կապի մեջ է դատախազության հետ, գրեթե ամեն օր մենք կապի մեջ ենք, փորձում ենք թե օրենսդրական մակարդակում առկա խնդիրները վերլուծենք, թե պրակտիկ ոլորտում առկա հարցեր քննարկել։ Եվ պետք է գոհունակություն հայտնենք դատախազությանը իրենց հետ ունեցած մեր աշխատանքից»։ 

Պատգամավորի խոսքով շատ դեպքերում, երբ նկարագրում ենք Հայաստանը՝ հիմնականում ավանդական հարցերի վրա ենք ուշադրություն դարձնում՝ բրենդինգի տեսանկյունից․ «Հայաստանի մասին խոսելուց պետք է բարձրաձայնենք ոչ միայն մեր պատմության, խոհանոցի, այլ նաև նրա մասին, որ Հայաստանն անվտանգ է։ Մի կարևոր բան կա, որ արտացոլված է դատախազության հաղորդման մեջ՝ Հայաստանը համաշխարհային մակարդակով դասվում է ամենացածր հանցավորություն ունեցող երկրների թվին։ Իհարկե սա մեր համար բավարար չէ, մենք պետք է ձգտենք դառնանք առավել քիչ հանցավորություն ունեցող երկիր և համոզված եմ, որ մենք ունենք սրա համար նախադրյալներ։ Հանցավորության տեսանկյունից Հայաստանն անվտանգ է։ Պետք է արձանագրենք, որ մենք ունենք հանցավորության նվազեցում»։ 

Վլադիմիր Վարդանյանն ի լուր բոլորի ասաց, որ հեղափոխության՝ 2018թ․-ին աննախադեպ ցածր թվով սպանություններ են եղել, սակայն մի փոքր իրավիճակը փոխվել է 2019թ․ «Մենք նվազ հանցավորություն ունեցող երկրների շարքում առաջին տասնյակի մեջ ենք։ 2018թ․ հաջողություններից մեկն այն է, որ արձանագրում ենք, որ ունենք անկախ դատական իշխանություն։ Երբ խոսում ենք դատական իշխանության մասին մեզ մեղադրում են, որ մենք թույլ ենք, չենք կարողանում հստակ հարաբերություններ ձևավորել դատական իշխանության հետ, բայց հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ հավատացնում եմ ձեզ այս իշխանության ուժը նրա մեջ է, որ մենք չենք կարողանալու և չենք ուզում կարողանանք որևիցե եղանակով միջամտել դատական իշխանության, իրավապահ համակարգի գործունեությանը»։