Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոգևորականներ էլ կան, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չի, որ որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում․ վարչապետը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Հնարավո՞ր է՝  առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ գնա՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման համար։ 

«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը իր հետ աշխատած մարդուն՝ իմ կողմից նշանակված, բայց իր առաջարկությամբ նշանակված, դժվար իրավիճակում աջակցելու և նրա իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն հրավիրելու համար։ Բարոյական առումով ես սա համարում եմ նորմալ։ Քաղաքական առումով պետք է նշեմ, որ սա ևս  մեկ ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է ՔՊ-ն, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում՝ դատաքննությունը, որը ենթադրվում է՝ տեղի կունենա հրապարակային, եթե գործը  հասնի դատաքննության փուլի։ Ես մտածում եմ, որ գործը կհասնի դատաքննության փուլի, քանի որ ես գիտեմ իրավապահ մարմինների ձգտումը՝ եթե կա տեսանելի հավանականություն, որ գործը դատարանի ճանապարհին կամ դատարանում  կարող է փլուզվել, ավելի լավ է՝ այդ գործը չսկսել։ Հետևաբար այդ մասով էլ հարցը այդպես կլուծվի»,- այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին և իրավական համակարգի կայացմանը, ապա, ըստ Փաշինյանի,  բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։  «Ցավոք սրտի, մինչև այս պահը ինձ չի հաջողվել կերտել մեր երազած պետությունը, բայց ես հույս ունեմ, որ մեր երազած պետությունը կկերտվի կամ իմ, կամ հետագա վարչապետների պաշտոնավարման արդյունքում»։ 
 
Դիտարկմանը, թե՝ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ արված ձևակերպումներով անվստահություն է արտահայտել իրավապահ համակարգի նկատմամբ, և նա մեկն է, որը քաղաքական  թիմի անդամ է և քաղաքական պատասխանատվություն է կրում,  Փաշինյանն արձագանքեց, թե մեր երկրում հոգևորականներ էլ կան, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ մեծ ողբերգություն չի, որ որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում։ Ձեզ չի հավատում՝ լրագրողի նկատառմանը Փաշինյանն արձագանքեց. «Առավել ևս՝ մեծ ողբերգություն չի», և հավելեց. «Ես նախաքննության ընթացքներ չեմ որոշում և չեմ կանխորոշում»։ 
  
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը իր գրառման մեջ մասնավորապես  նշել էր. «Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է, և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:

Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող: Հուսամ՝ արդարադատությունը տեղի կունենա, և եթե կան մեղավորներ, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե չլինեն, ապա հանիրավի մեղադրողները պատշաճ հանրային և մասնագիտական գնահատականի կարժանանան: 

Եվ նորից ուզում եմ հրապարակային կրկնել, որ պատրաստ եմ ցանկացած պահի ցուցմունք տալ այս գործով»: