Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն շահագրգռված է եղել, որպեսզի իմ վերաբերյալ մեղադրական եզրակացություն ունենա. Դավիթ Սանասարյան. Տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասաց, որ ինքն ակնկալում էր, որ գործի սկզբից հենց այսպես կներկայացվի, որովհետև ոչ միայն Արսեն Թորոսյանը, այլև այլ վկաներ եկել և փոխել են իրենց նախաքննական ցուցմունքները։

«Այսինքն՝ այսօր դուք ականատես եղաք, որ այն, որ ինձ մեղադրում են, թե ես տեղյակ եմ եղել, թե ՊՎԾ աշխատակիցներին եմ պաշտպանել ու ընդունել եմ, այսօր նման բան որևիցե ձևով չնշվեց Արսեն Թորոսյանի կողմից։ Շնորհակալություն, որ գոնե հիմա դատարանում դատաքննության ժամանակ մոտ էր իրականությանը։ Սա և նախորդ վկաների ցուցմունքները գալիս են իմ այն համոզման, որ ԱԱԾ-ն շահագրգռված է եղել, որպեսզի իմ վերաբերյալ մեղադրական եզրակացություն ունենա, ինձ մեղադրեն կոռուպցիայի մեջ։ Երբ որ հարց է հնչում, թե այդ պարագայում ո՞րն է իմ շահը, ԱԱԾ-ն պատասխանում է՝ աշխատակցին օգտակար լինելը։ Աշխատակցին հարցնում եմ՝ երբևիցե եղե՞լ է նման բան, որ ես որևիցե ձևով պետական պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանն այլ աչքով նայեմ, անկախ նրանից՝ իմ հետ կապ է ունեցել, թե չի ունեցել, և այլ և այլն, ասում է՝ ոչ»,- ասաց Դավիթ Սանասարյանը։ 

Սանասարյանի խոսքով՝ իրականում գործը սիրուն «եփել են», հասցրել են մի հատ վիճակի, որ փորձեն  հանրության մոտ նման պատկեր ստեղծել, թե՝ Դավիթ Սանասարյանը կոռուպցիան հովանավորելով էր զբաղված։ 

Մանրամասն՝ տեսանյութում։