Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանը դատարանում հայտնեց, որ հնարավոր է Դավիթ Սանասարյանին ՊՎԾ աշխատակիցները մոլորեցրել են

Արսեն Թորոսյանը դատարանում հայտնեց, որ հնարավոր է Դավիթ Սանասարյանին ՊՎԾ աշխատակիցները մոլորեցրել են
Իրավունք
12:41, 06 октябрь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը: 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: 

Այսօրվա նիստում որպես վկա դատարանում հարցաքննվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը Արսեն Թորոսյանին հարցրեց, թե երբ նա Դավիթ Սանասարյանին՝ որպես ՊՎԾ ղեկավարի, հայտնել է, որ կասկածներ, հիմնավորումներ ունի, որ Սանասարյանի աշխատակիցները ներգրավված են գնման գործընթացներում, այս մտահոգությունների հետ կապված Դավիթ Սանասարյանը հայտնե՞լ է, որ, օրինակ, ծառայողական քննություն է բացվել, պետական ծառայողի լիազորությունների մեջ մտնող որևէ միջոց է ձեռնարկել, և դրա մասին Թորոսյանին հայտնե՞լ է, թե՞ ոչ։

Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Ոչ, բայց ես չեմ կարող պնդել, որ դրա մեջ միտում է եղել, ավելի շատ հնարավոր է մոլորեցում իր աշխատակիցների կողմից»։

Դատավորի ճշտող հարցին, որ նկատի ունի, թե Դավիթ Սանասարյանի աշխատակիցներն իրեն մոլորեցրե՞լ են, Արսեն Թորոսյանը տվեց դրական պատասխան։