Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանձնաժողովի կողմից պատասխան է գնացել ՊՎԾ, որ հեմոդիալիզի պարագաների նկարագրերի փոփոխություն հնարավոր չէ անել. Դ. Սանասարյանի գործով վկա

Հանձնաժողովի կողմից պատասխան է գնացել ՊՎԾ, որ  հեմոդիալիզի պարագաների նկարագրերի փոփոխություն հնարավոր չէ անել. Դ. Սանասարյանի գործով վկա
Իրավունք
11:59, 30 июль 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Այսօրվա նիստում հարցաքննվեց Վանաձորի ԲԿ-ի Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Օֆելյա Մկրտչյանը։

Նա իր ցուցմունքում նշեց, որ 2018 թվականի վերջին գրություն է ստացվել ՊՎԾ-ից, որպեսզի փոխվեն հեմոդիալիզի պարագաների նկարագրերը և հնարավորություն տրվի այլ ապրանքանիշներ շահելու համար գնումներին մասնակցել։
«Գրությունը քննարկվել է գնումների բաժնի հանձնաժողովի կողմից, կոնկրետ իմ բաժնով՝ արդյոք կարո՞ղ ենք փոխել նկարագրերը, թե՞ ոչ, քննարկվել է բաժանմունքում ինժեների կողմից, իմ կողմից ընդհանուր եզրակացության ենք եկել, որ որոշակի  չափաբաժիններով դա հնարավոր է, բայց հիմնականում, օրինակ՝ ֆիլտրային ստերիլիզացիային վերաբերող բաժնով դա չի կարելի անել, որովհետև կարող է վնասել հիվանդի կյանքին։ Իմ կարծիքը լսելով, նաև ի մի բերելով այդ կարծիքը՝ հանձնաժողովի կողմից պատասխան է գնացել, որ փոփոխություններ հնարավոր չէ անել»,- ասաց Օֆելյա Մկրտչյանը։