Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանն ասել է, որ կզբաղվի ՊՎԾ կողմից մրցույթում գործադրվող ճնշումներով․ Դավիթ Սանասարյանի գործով վկա

Արսեն Թորոսյանն ասել է, որ կզբաղվի ՊՎԾ կողմից մրցույթում գործադրվող ճնշումներով․ Դավիթ Սանասարյանի գործով վկա
Իրավունք
13:45, 15 март 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր՝ մարտի 15-ին, ընթանում է

«Պետական Վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։
Դավիթ Սանասարյանը հարց ուղղեց վկային՝ առողջապահության նախարարության նախկին ներկայացուցչին, թե երբ վերջինս զեկուցել է իր ղեկավարին՝ նախարար Արսեն Թորոսյանին, որ իրենց նկատմամբ ՊՎԾ-ի կողմից գործադրվում են անուղղակի ճնշումներ, մրցույթին «Զորաշեն» ընկերությանը հաղթող ճանաչելու համար, նախարարը ի՞նչ է պատասխանել։ Վկա Հարությունյանը պատասխանեց, թե չի հիշում՝ նախարարը ինչ է ասել, ապա նշեց, որ երկու անգամ է այդ հարցով դիմել նախարարին, և հիշում է, որ երկրորդ անգամ նախարարն ասել է, որ ինքը կզբաղվի այդ հարցով։
Վկան պնդում է, որ ՊՎԾ աշխատակիցների կողմից անուղղակի ճնշումներ է զգացել՝ վերջիններիս դրսևորած վարքը հաշվի առնելով։ ՊՎԾ աշխատակիցների կողմից, ըստ վկայի, եղել է նաև շահագրգռվածություն՝ «Զորաշեն» ընկերության՝ հաղթող ճանաչվելու կապակցությամբ։ 
Հիշեցնենք նաև, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաեւ ՊՎԾ ևս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը»։