Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ը պետք է հստակ արտահայտվի․ սա այն դեպքն է, երբ գործ ունենք ՀԱՊԿ հեղինակության հետ․ Միքայել Զոլյան․ Տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ նիստում անդրադարձավ Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու առաջանալու խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ-ի աշխատանքին․ «Այն իրավիճակը, որը ստեղծվել է Սյունիքում՝ բնական է, որ մեր հանրության մեջ լուրջ անհանգստություն է առաջացրել։ Ես կարծում եմ՝ այս առումով արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ-ն և ՀԱՊԿ անդամ երկրները պետք է ավելի հստակ արտահայտվեն այս խնդրի շուրջ»,-ասաց նա ու հավելեց, որ հասկանալի է ՀԱՊԿ-ի կողմից տարվող մեծ  աշխատանքը և հասկանալի է, որ այդ աշխատանքի մեծ մասը չի երևում ու միայն «այսբերգի գագաթն» է երևում։ 

Պատգամավորի կարծիքով սա այն դեպքն է, որ միայն չերևացող աշխատանքն արդյունավետ չի կարող լինել և պետք են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ-ի դիրքորոշումը․ «Ճիշտ կլիներ մեր դաշնակիցները հստակ արտահայտվեին, որ Հայաստանի հանդեպ կատարվող գործողությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն անընդունելի են և հետևանքներ են ունենալու։ Կոչ եմ անում մեր գործընկերներին ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարաններում, որպեսզի նրանք այդ միտքը հասցնեն իրենց կառավարություններին»։