Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարող է որևէ մարզում, որը սահմանամերձ չէ, բերքը բերեն և երաշխավորված գնման տակ անցնի»․ Ծովինար Վարդանյան․ Տեսանյութ

Այս նախագծի բովանդակային հատվածը, իբրև թե, սահմանամերձ բնակչին պաշտպանելու, նրա ապրուստը հոգալու մասին է, բայց այն իրականում ենթադրում է հետևյալը․ սահմանամերձ հողատարածքում ցանված բուսաբուծական արտադրանք երաշխավորված պիտի գնվի՝ պետության կողմից։ Պետությունը պիտի վճարի անհասկանալի է՝ ում կողմից։ Դա հեչ պարտադիր չէ, որ լինի սահմանամերձ բնակիչն ու քաղաքացին, հետևաբար, դրանով չի պաշտպանվում նրա շահերը։ Այս մասին այսօր՝ Ազգային Ժողովի նիստում նշեց «Իմ քայլը» պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ քննարկվող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի վերաբերյալ։

Ըստ նրա, չկա վերահսկողական մեխանիզմ, որ պետությունը երաշխավորված գնում կկատարի, թե որ տարածաշրջանի բերք է դա․

«Այսինքն՝ կարող է Արարատի մարզում ցանած որևէ բերք, կամ որևէ մարզում ցանած բերք, որը սահմանամերձ չէ, բերեն և երաշխավորված գնման տակ անցնի»։

«Ասում եք՝ վերահսկողական մեխանիզմները ձեր ձեռքում են, բայց կա ինչ-որ տրամաբանության սահման։ Կաթիլը գցել ծովը և ասել՝ վերահսկողությունը ձեր ձեռքն է, դրանով հարցը չի լուծվում, տիկին Թովմասյան», - ասաց պատգամավորը՝ դիմելով նախագծի համահեղինակ ԱԺ նախկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։

Նա նաև նշեց, որ նախագծի համահեղինակ, նախկին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չի կարողացել հանձնաժողովի նիստի ընթացքում այս բոլոր հարցերի պատասխանները տալ․ «ՊԵտք չէ դրանից վատ զգալ։ Նախագիծը Դո՛ւք եք բերել, Դո՛ւք էլ պետք է կարողանաք հիմնավորել այն, և նաև ցույց տալ այդ վերահսկողական ճանապարհը։ Դրանք առնվազն պետք է տեսանելի լինեն»։