Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես ինքս իմ մայրենի լեզվով լեզվամտածողություն չունեմ և այսպես եզդիների գերակշիռ մասն է»․ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բարձրաձայնում է ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանման հարցը

«Ես ինքս իմ մայրենի լեզվով լեզվամտածողություն չունեմ և այսպես եզդիների գերակշիռ մասն է»․ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը բարձրաձայնում է ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանման հարցը
Քաղաքականություն
19:01, 26 май 2021
Այսօր Աժ նիստի ժամանակ «Իմ քայլը» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարց ուղղեց՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման, մայրենի լեզվամտածողության զարգացման և լեզվի պահպանման գործիքակազմերի մասին։ Մասնավորապես, նա նշեց, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, որտեղ ազգային փոքրամասնությունները կազմում են 1,8 տոկոս և նրանց ուղղված գումարը այդքան էլ մեծ չէ։

«Հնարավո՞ր է, որ մենք որոշ միջոցներ հատկացնենք՝ ինքնության պահպանման, այդ թվում նաև լեզվի պահպանման համար։ Կառավարությունն ընդամենը 10-11 միլիոն դրամ է հատկացնում ՝ 11 ազգային փոքրամասնությունների։ Ես կարծում եմ՝ գումարի թիվը պետք է 10 անգամ բազմապատկվի, որպեսզի որոշակի արդյունք մենք տեսնենք», - նշեց պարոն Բաքոյանը։ 

Նրա խոսքով՝  եզդիերենը դպրոցներում խմբակների տեսքով է դասավանդվում և, պանդեմիայի հետևանքով, դրանց մեծ մասը փակվել է․

«Ցավով պետք է ասեմ, որ ես ինքս, իմ մայրենի լեզվով լեզվամտածողություն չունեմ, իմ մայրենի լեզվով չեմ մտածում և այսպես եզդիների գերակշիռ մասն է»։

Ըստ պարոն Բաքոյանի, դպրոցներում էլ, մայր բուհում էլ պետք նոր հարթության վրա դնել նրանց մայրենի լեզվի դասավանդումը, որպեսզի ամենաբարձր մակարդակով լեզուն հնարավոր լինի պահպանել, քանի որ այն կենցաղային մակարդակում է այս պահին պահպանվում։ 

«Հանրային հեռուստաընկերությամբ ազգային փոքրամասնություններին տրվող եթերաժամերն էլ պետք է մայրենիով հերառձակվեն և այս առումով, կարծում եմ, մեր իշխանությունը լուրջ անելիքներ ունի։ Բայց 1,8 տոկոս է, դժվար խնդիր չէ մեր առջև դրված։ Այս մասով պատրաստ եմ նաև համագործակցելու, աշխատաքններ տանելու, որպեսզի Հայաստանում ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը նոր հարթության վրա դրվի», - նշեց պատգամավորը։

ԿԳՄՍ նախարար  Վահրամ Դումանյանն, ի պատասխան, նշեց, որ միանում է պատգամավորի ցանկություններին և վստահեցրեց, որ նշված խնդիրները նախարարության ուշադրության կենտրոնում են․ «Ամեն լեզու ունի իր խնդիրը և անկախ տոկոսային հարաբերությունից, մոտեցումները չպետք է փոխվեն և մենք պետք է ամեն ինչ անենք՝ դրանց պահպանման համար»։

Նա նաև նշեց, որ  ֆինանասվորման հետ կապված նույնպես հաշվի կառնեն այս բարձրացրած հարցը և եղած հնարավորությունների շրջանակում քայլեր կձեռնարկեն։

«Հանրակրթության մեջ հիմա դիտարկում ենք օտարալեզու դպրոցների հետ կապված հարցերը, վերանայում ենք և փորձում ենք քննարկել, համենայն դեպս։ Կոնկրետ քայլեր դեռ չկան, բայց դիտարկում ենք նաև օտարալեզու դպրոցների հարցը։ Մենք ինչ-որ կարգ ունենք, բայց միգուցե դա ավելի ճկուն դարձնենք», - ասաց նախարարը, հավելելով, որ բաց է համագործակցության համար։ 

Այս կոնտեքստում պարոն Դումանյանը նաև նշեց, որ վերջերս՝ հետպատերազմյա շրջանում,մեր իրականության մեջ առաջին անգամ, եզդիերենով ներկայացում է բեմադրվել՝ եզդիների դերակատարմամբ․ «Դերերում պատերազմի մասնակից մեր քաջերն էին։ Մշակութային դաշտում մենք այս հրաշալի օրինակն ուզում ենք տարածել՝ ամբողջ երկրով մեկ և ազգային բոլոր փոքրամասնությունների դեպքում»։