Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եզդիներ, ռուսներ, հույներ, քրդեր․ Ո՞ր ուժերի հետ ընտրության կգնան Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Եզդիներ, ռուսներ, հույներ, քրդեր․ Ո՞ր ուժերի հետ ընտրության կգնան Հայաստանի ազգային փոքրամասնությունները
Քաղաքականություն
18:37, 14 май 2021
Ազգային փոքրամասնությունները Հայաստանում ներգրավված են նաև քաղաքական կյանքում՝ ՀՀ խորհրդարանում։ Civic.am-ը փորձեց հասկանալ, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն, արդյո՞ք, առաջադրվելու են, և քաղաքական ո՞ր ուժերի հետ են ներկայանալու։ 

ՀՀ Ազգային ժողովում ռուսական համայնքը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նորից կառաջադրվի ընտրություններում՝ իշխող ուժի ցուցակով․ «Այո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, ազգային փոքրամասնությունների քվոտայով, նորից առաջադրվելու եմ  ընտրություններում»։ 

Նրա խոսքով՝ մալականներն, այս ընտրություններում, այլ թեկնածու չեն ունենալու, իսկ Հայաստանում ապրող ռուսական համայնքը մեծամասամբ մալականներն են։ Համայնքի այլ ներկայացուցիչների առաջադրման վերաբերվյալ պարոն Սանդիկովը տեղեկություն չուներ։

Հայաստանում Հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան Civic.am-ին տեղեկացրեց, որ դեռևս ինֆորմացիա չկա, որ համայքնում որևէ մեկը, որպես ազգային փոքրամասնություն, ցանկանում է առաջադրվել առաջիկա ընտրություններում։

«Աթուր» Հայաստանի Ասորիների Ասոցիացիայի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայելովը նշեց, որ համայնքից է կախված՝ արդյո՞ք նորից կառաջադրվի նա այս ընտրություններում, թե՞ ոչ․ «Եթե համայնքն ինձ առաջադրի, համայնքի ժողովրդին չեմ կարողանա մերժել», - նշեց նա։

Հարցին, թե արդյոք կրկին իշխող ուժի ցուցակով կառաջադրվի, նա նշեց՝ դեռ չգիտի․ «Դա արդեն կորոշենք, կտեսնենք՝ ինչ կլինի»։

Ասորական համայնքի այլ ներկայացուցիչների առաջադրման վերաբերյալ նա նշեց, որ համայնքը դեմոկրատական է, կան տարբեր մտածելակերպի մարդիկ, տարբեր քաղաքական ուժերի սատարողներ․ «Ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որ առաջադրվեն։ Թե ո՞ր քաղաքական ուժին նրանք կսատարեն, դեռ չգիտեմ, բայց դե շուտով բոլորս էլ կիմանանք»։

Ասորական Վերին Դվին գյուղի համայնքապետ Լյուդմիլա Պետրովան Civic.am-ին հայտնեց, որ իրենց համայնքում դեռևս ոչ ոք չի պատրաստվում առաջադրվել և չկա որևէ որոշում։

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ դեռ պարզ չէ  իր մասնակցությունը՝ ընտրություններին, սակայն, առաջադրվելու դեպքում կլինի կրկին ներկայիս իշխանական ուժի՝ ՔՊ-ի ցուցակում։ Նա նույպես չբացառեց քրդական համայնքից այլ առաջադրումները։

Առաջադրվելու դեպքում ՔՊ ցուցակում կլինի նաև Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիական համայնքի ներկայացուցիչ, ներկայիս Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը․ «Ես  «Իմ քայլով» եմ առաջադրվել և երբեք ճամբար չեմ փոխելու, անկախ նրանից՝ մեր քաղաքական ուժը կմնա իշխանության, թե՝ չէ, ես այդ ճանապարհով եմ գնալու»։

«Մեդիա-Շանգալ» եզդիական ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանն էլ նշեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կհասկանան ընտրություններին առաջադրվելու եզդիական համայնքի ներկայացուցիչների թվի և կուսակցությունների հետ կապված վերջնական իրավիճակը։  

Նշենք, որ ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:

Սյուզի Սիրականյան