Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շատ խիստ հսկողություն է իրականացվելու արտադրական կանեփի արտադրության առթիվ․ Փոխնախարարի ԺՊ

Շատ խիստ հսկողություն է իրականացվելու արտադրական կանեփի արտադրության առթիվ․ Փոխնախարարի ԺՊ
Քաղաքականություն
12:23, 03 июнь 2021
Այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում է նաև «Թմրամիջոցների և հոգեմետ ներգործող նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթի քննարկումը։ Այս օրենսդրական փաթեթն ԱԺ-ում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։ 

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, սույն փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը։

Նախագծում սահմանված է նաև արտադրական կանեփ բույսի հասկացությունը։ 

Նախագծի վերաբերյալ պատգամավորները գրավոր առաջարկ չէին ներկայացրել։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց թե ինչով է պայմանավորված թմրանյութերի վերաբերյալ նախագծի ընդունման հրատապությունը․ «Ի՞նչ կա սրա տակ ընկած»,- հարցրեց նա։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանն էլ նշեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նախագծին։  

Արձագանքելով Տիգրան Ուրիխանյանի հարցին՝  Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ խոսքը գնում է արտադրական կանեփի մասին, որի մեջ թմրամիջոց հանդիսացող նյութի քանակությունը 0,3 տոկոս է, մինչդեռ կա կանեփի մեկ այլ տեսակ, որի մեջ թմրամիջոց հանդիսացող նյութի քանակությունը 0,7 տոկոս է․ «Նույն տրամաբանությամբ պետք է արգելվի նաև կակաչ տեսակի բույսը, քանի որ կան կակաչի տեսակներ, որոնցից ստացվում է ավելի բարդ տիպի թմրամիջոցներ։ Արտադրական կանեփն աճեցվելու է բացառապես փակ տարածքներում՝ խիստ վերահսկողության պայմաններում։ Բույսը արտաքինից չի տարբերվում սովորական կանեփից, բայց հնարավոր է տարբերել լաբորատոր մեթոդներով»,- հավելեց նա։