Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը՝ Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցությունների մասին

Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Տոյվո Կլաարը՝ Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցությունների մասին
Քաղաքականություն
11:05, 06 май 2023
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բայրամով բանակցություններին։

«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը քառօրյա բանակցություններին: Առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով. Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության ձգտմամբ»,- գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ  մայիսի 1-ին կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել էին տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Այնուհետև տեղի էր ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որին հաջորդել էր եռակողմ հանդիպումը։ Քննարկվել էին տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ էր կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Ապա Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել էին բանակցություններ: Նախարարները հյուրընկալվել էին Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։

Հանդիպումից հետո Բլինքենը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց, և խաղաղության համաձայնագիրն արդեն հասանելիության տիրույթում է։

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն նշել էր՝ կա փոխըմբռնման առաջընթաց, սակայն առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպմանը նշել, որ «Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա»։