Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ին առաջարկվում էր «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց». Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը թող ասեն՝ իրենք ինչպես էին գործելու այդ կետից․ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ-ին առաջարկվում էր «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց». Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը թող ասեն՝ իրենք ինչպես էին գործելու այդ կետից․ Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
17:50, 10 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 10-ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն համայնքում հայտարարեց. «Հունիսի 20-ին դուք իրացնելու եք ձեր բարձրագույն իրավունքը` ձևավորելու եք իշխանություն Հայաստանի Հանրապետությունում: Հունիսի 20-ին դուք պետք է կայացնեք որոշում ոչ միայն Հայաստանի ապագայի, այլև Հայաստանի անցյալի և ներկայի վերաբերյալ, որովհետև հիմա կա ժողովրդավարություն և խոսքի ազատություն»: 

Անդրադառնալով ԼՂ հարցին և գաղտնալսված ձայնագրությանը՝ նա ասաց. «Մենք ամենատարբեր առիթներով ասել ենք, թե 2018 թվականին ինչ իրադրության մեջ ենք ժառանգել ԼՂ հարցը, հիմա էլ ինչ-որ ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ ինչեր են անում: Ես առաջարկում եմ, որ և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը պատասխանեն մի հարցի. հիմա արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ բացվել է 2018թ. բանակցային իրադրությունը: Ըստ էության Հայաստանին առաջադրվում էր «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Թող իրենք կանգնեն և ասեն, թե իրենք այդ պահից սկսած ինչ գործողություններ էին անելու, ինչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու: Սրանից առաջ մեր հարցին, թե իրենք ինչպես էին լուծելու Ղարաբաղի հարցը, իրենք ասում էին՝ դե մենք չգիտենք, մենք ինֆորմացված չենք: Հիմա ինֆորմացված են և ինֆորմացված էին 1996 թվականից. թող ասեն բոլորը` ոնց էին պատկերացնում այդ կետից գործողությունների պլանը: Որ ասում են, թող շարունակությունն էլ ասեն»:

Նա նշեց, որ ամբողջ բանակցային գործընթացը պետք է զուգորդվեր երկրի դիմակայունության և մարտուկանության բարձր մակարդակով. «Թող ներվի ինձ անհամեստությունը, բայց դա միայն եղել է 2018 թվականից հետո: Հիմա արդեն միջազգային կառույցներն են արձանագրում, որ 2019 թվականին ձեռք է բերվել 2011-20 թվականներին ձեռք բերված սպառազինության 62 տոկոսը»:
Նշենք, որ նախընտրական հանդիպմանը մասնակցում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: