Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և Արցախի կուսակցությունները հայտարարություն են տարածել, որի կետերի մեծ մասի բովանդակությունը 100 տոկոսով համընկնում է իշխանության դիրքորոշումներին, այսինքն՝ հաջակցություն իշխանության քաղաքական գծի է

ՀՀ և Արցախի  կուսակցությունները հայտարարություն են տարածել, որի կետերի մեծ մասի բովանդակությունը 100 տոկոսով համընկնում է իշխանության դիրքորոշումներին, այսինքն՝ հաջակցություն իշխանության քաղաքական գծի է
Քաղաքականություն
19:30, 18 май 2023
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները և դրանց մաս կազմող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ը, «Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի»-ն,  Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն»-ը, ևս մի քանի մարդ-կուսակցություններ (ԱԺԴ, ՍԻՄ, «Ազատություն», «5165»),  ինչպես նաև Արցախի թվով 12 կուսակցություն այսօր հանդես են եկել  «նախազգուշական» հայտարարությամբ և Նիկոլ Փաշինյանին հայտնի հեքիաթի ոճով հորդորել՝ «չնստել կոճղին, չուտել կարկանդակ»։  Հայտարարության առիթը, ինչպես և սպասելի էր,  Բրյուսելում օրերս տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներն  ու Ռեյկյավիկում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հնչեցրած մոտեցումներն են»,  որոնք, ըստ հայտարարության հեղինակների, «խորը մտահոգություն են առաջացրել հայ ժողովրդի մոտ»։ Փաստորեն, հայտարարությունը տարածած  հիշյալ երկու տասնյակ քաղաքական կազմակերպություններն իրենց նույնացնում են հայ ժողովրդի հետ՝ հանդես գալով  բոլորի անունից։  Նախապատերազմյան և հետպատերազմյան շրջանում, որքան հիշում ենք, երբ քաղաքական մի քանի ուժ միասնական հայտարարություն էին տարածում, դրա «վերջին ակորդը»,  որպես կանոն, լինում էր վարչապետի անհապաղ հրաժարականի պահանջը։ Նման պահանջ հնչում էր թե՛ ՀՓՇ-ի, թե՛ Դիմադրության շարժման օրերին։  Հիշյալ հայտարարությունը, մինչդեռ, այս առումով բացառիկ է՝ ԱԺ ընդդիմությունն ու նրանց    սատելիտները, ինչպես նաև  արցախյան քաղաքական միավորները, փաստորեն, այս անգամ որոշել են ձեռնպահ մնալ հրաժարականի պահանջից։ 
 
«Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, այն էլ ճնշումների և սպառնալիքների ներքո, թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից։   Ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի  իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է՝
  • ՄԱԿ-ի կանոնադրությանը,
  • Հելսինկյան եզրափակիչ ակտին,
  • Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին, 
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը,
  • Արցախի Հանրապետության Սահմանադրությանը»,- նշել են հայտարարության հեղինակները։ 
Ըստ նրանց՝  «Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, առավել ևս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության և հայ-ադրբեջանական կարգավորումների հետ կապված պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձևաչափով տարբեր հանդիպումների ժամանակ և որևէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս»:  

Նախ՝ անդրադառնանք այն ձևակերպմանը, թե՝ «Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի...»։ ՀՀ-ն բանակցություններում ներկայացնող Փաշինյանը, ի գիտություն սույն տեքստի հեղինակների, ՀՀ ներկայացուցչական մարմնի կողմից ընտրված վարչապետն է և ունի բոլոր լիազորությունները՝ Հայաստանը ներկայացնելու միջպետական հարաբերություններում և միջազգային կազմակերպություններում։ Փաշինյանը նման իրավասություն և լիազորություն չէր ունենա, եթե օրինական ու ազատ, արդար ընտրությունների միջոցով 2021-ի արտահերթ ընտրությունների միջոցով չգար իշխանության։ Հայտարարությանը միացած քաղաքական ուժերը՝  ի մասնավորի ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, երկրի ղեկավարի լիազորությունների մասին խոսելիս հավանաբար առաջնորդվում են սեփական արշինով՝ հին իներցիայով,  քանի որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, առնվազն Ռոբերտ Քոչարյանից սկսած, ՀՀ-ում երկրի ղեկավարները իշխանության են եկել իշխանության տիրոջ՝ ժողովրդի ազատ կամքի բռնաբարմամբ, կեղծված ընտրություններով, այսինքն՝ իշխանության զավթման միջոցով։ Հետևաբար այդ նրանք է, որ  իրավասություն և լիազորություն չեն ունեցել հանդես գալու ՀՀ-ի և հայ ժողովրդի անունից, որևէ փաստաթուղթ ստորագրելու, սակայն ներկայացել են՝ դրանից բխող հետևանքներով։ Ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին և կառավարության ծրագրին, որին շատ են սիրում հղում անել ընդդիմադիրները ու Փաշինյանին մեղադրում մի բան խոստանալու, մեկ այլ բան անելու մեջ, ապա մի դիտարկում այդ համատեքստում. օրինակ՝ Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունների 2008 թ. իր նախընտրական ծրագրում նշում էր, թե «պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պայմաններ ստեղծվեն դրա իրականացման համար», «ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման», սակայն 2011-ին Կազանում պատրաստվում էր ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր անորոշ ապագային, դե իսկ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սահմանի մասին հիշատակումը այդպես էլ մնաց բարի ցանկություն։ Սերժ Սարգսյանը չկարողացա՞վ, թե՞ չստացվեց կատարել տրված խոստումները։  «Դեպի ապահով Հայաստան» լոզունգով նախագահի երկրորդ ժամկետին գնացող Սարգսյանի 2013թ. նախընտրական  ծրագրում էլ Արցախին նվիրված բաժինը վերնագրված  է՝ «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է»։  «Բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի մեր ջանքերն ուղղելու ենք այդ հարցի շուտափույթ լուծմանը»,- նշված է հիշյալ բաժնում, սակայն մինչև 2018-ի ապրիլ՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը, Արցախն այդպես էլ չէր վերադարձել բանակցային սեղան։ Իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի  իրացման մասին որևէ հիշատակում 2013-ի նախընտրական ծրագրում չկա, ընդամենը մի գծուծ պարբերություն է շարադրված. «Միջազգային գործընթացների համատեքստում այսօր ականատես ենք ինքնորոշման իրավունքի իրացման վառ օրինակների, որոնք չեն հանգեցնում պատերազմների կամ ուժային ճնշումների: Արցախը եվրոպական ընտանիքի մասն է: Եվ մենք միշտ եղել և շարունակում ենք մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից»: Արդյոք կարելի՞ է եզրակացնել, որ նման անատամ ձևակերպման պատճառը Ադրբեջանի՝ «բանակցություններում դրսևորվող երկերեսանի կեցվածքն» ու վերջինիս «անհիմն առավելապաշտական նկրտումներից»  զգուշանալն էր։   
 
Այժմ անդրադառնանք հայտարարության մնացած կետերին, որոնցից մի քանիսը՝ բովանդակության առումով, 100 տոկոսով համընկնում են  իշխանության դիրքորոշումներին, այսինքն՝ հաջակցություն իշխանության քաղաքական գծի են։ Մասնավորապես՝  «պետք է բացառել որևէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով» (այս կետով, փաստորեն,  «ոչ» է ասվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ՀՀ իշխանության «կարմիր գծերից» մեկն է): 

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը» (այս պահանջը ՀՀ իշխանությունները հետապնդում են դեռևս 2021 թվականի մայիսից՝ ՀՀ սուվերեն տարածք  Ադրբեջանի ներխուժման պահից)։ 

«Բաքվի և Ստեփանակերտի միջև ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա,  սահմանափակված չլինելով որևէ պարտադրված օրակարգով: Որևէ այլ ձևաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է»: (Իշխանությունը մշտապես հանդես է գալիս Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության աջակցության դիրքերից՝  միջազգային մեխանիզմի առկայությամբ՝ միջազգային հանրության հետ համագործակցված։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ևս մեկ անգամ ազդարարել է Նիկոլ Փաշինյանը։  

«Միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված  ձևաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ և միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը»: (Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է երաշխավորների ինստիտուտի մասին։ Մասնավորապես․ «Պետք է խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց կարող է պատերազմ սկսել, ինչպես, օրինակ, 2022 թ. սեպտեմբերի 13-ին։ «Միջազգային երաշխիքների և երաշխավորների ուժեղ ինստիտուտ է պետք, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը ուղղակի թուղթ կդառնա և ոչ մի արժեք չի ունենա։ ՌԴ-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ ուրիշ միջազգային խաղացողներ, որոնք կարող են ռեալ այդ դերը ստանձնել  ու իրականացնել՝ մենք պատրաստ ենք այդպիսի քննարկումների»,- ամիսներ առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր Փաշինյանը)։ 

Հայտարարության հեղինակները նշել են նաև, որ «դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան և պետք է բացառել վերադարձ անկլավներին»: (Վարչապետը քանիցս, անդրադառնալով անկլավների թեմային, նշել է՝ առանց իրավական հիմքերի ճշգրտման անկլավների  հարց չի կարող քննարկվել։ «Մինչև այս պահը  մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»,- 2022-ի մայիսին հայտարարել էր վարչապետը)։  

Նկատենք, որ հայտարարության հեղինակները պահանջում են նաև հայ ռազմագերիների ազատ արձակում՝ նրանց գտնվելը ադրբեջանական կալանավայրերում համարելով  նոյեմբերի 9-ի փաստաթղթի «կոպտագույն խախտում»,  գերիների  ազատ արձակումը համարելով «հրամայական, այլ ոչ՝ բանակցությունների առարկա»:  «Անհապաղ պետք է ապահովել Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակումը և նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան»,- նշված է հայտարարության հաջորդ կետում: Նման ձևակերպումը նշանակում է, որ   Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի մեկ սուբյեկտ՝ ռուս խաղաղապահ զորակազմը։  

Ուշագրավ է հայտարարության եզրափակիչ մասը՝ «ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը, և Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով»։ 

Այստեղ տեղին է հիշեցնել Փաշինյանի մեկ այլ դիտարկում՝ «որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում, առավել ևս Արցախի ժողովրդի թիկունքում որևէ բան անել»: Եվ «եթե իշխանությունը կունենա կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով»: Հետևապես առանց այն էլ դրամատիկ վիճակը քաղաքական նպատակներով կրկնակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ: 

Հեղինե Մանուկյան