Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսի 14-ին կատարեցինք ևս մի քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման համար. վարչապետը՝ բրյուսելյան հանդիպման մասին

«Մայիսի 14-ին մենք կատարեցինք ևս մի քայլ և, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի այդ հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառ. կմ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառ. կմ տարածքային ամբողջականությունը»,- այսօր՝ մայիսի 18-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպմանը:

Վարչապետի խոսքով՝ սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ու սահմանների դելիմիտացիայի առումով ևս:

«Հաջորդ քայլը, իհարկե, պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հատուկ ընդգծեց, որ ԵՄ խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը միջազգային հանրության հետ համագործակցված. «Դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով. «Հաշվի առնելով նախկին փորձը՝ այս մասով որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ»:

Վարչապետը նշեց, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ եղել է որոշակի ըմբռնում, սակայն հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում: