Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու որևիցե ազդակ չենք ստանում, և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի․ ՀՀ վարչապետ

«ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած Հայաստանի Հանրապետության տարածքը։ Երբ ՀԱՊԿ-ը դա հստակ ընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»-այսօր՝ մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սա ֆունդամենտալ պրոբլեմն է, բայց իննսուն տոկոսը կամ դա է, կամ բխում է դրանից։ Երկրորդը՝ մենք Արևմուտքից Ռուսաստանին դուրս քշելու կամ հարաբերությունները խզելու որևիցե ազդակ չենք ստանում, և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի։
Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում և կարծում եմ, որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ։ Եկեք դիտարկենք Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Ի վերջո չմոռանանք, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Եվ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը Ադրբեջանի կողմից հենց այդ պարտավորության խախտումն է։ 
Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն»,-հավելեց վարչապետը։ 

Մանրամասն՝ տեսանյութում